Սարուխան գյուղում ուսուցչուհին ծեծել է բուժքրոջը

48-ամյա Օլյա Ս-ն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հարևանուհուն ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն` 2007 թվականից սկսած Ալլա Գ-ն իր ընտանիքով բնակություն է հաստատել Գեղարքունիքի Սարուխան համայնքում: Նրանց հարևանությամբ է բնակվել Օլյա Ս-ն` իր ընտանիքով: Հարևաններով անհաշտ են եղել ու նույնիսկ 2011 թվականից սկսած ոստիկանության Գավառի բաժնում հաշվառբված են եղել որպես անհաշտ հարևաններ:

2015 թվականի փետրվարի 25-ին ժամը 9-ի սահմաններում Ալլայի ամուսինը տեսել է, որ Օլյայի ամուսինը ավտոմեքենան կանգնեցրել է իր բնակարանի պատուհանի տակ և դժվարանցանելի դարձրել տան մուտքը: Հարևանուհիների ամուսիները վիճել են, Օլյան միջամտել է վեճին:

Նույն օրը Օլյան գնացել է Ալլայի աշխատավայր` Սարուխան համայնքի բուժամբուլատորիա` հարաբերություններ պարզելու համար: Բուժամբուլատորիայի տնօրենը ցանկացել է հաշտեցնել նրանց: Ալլան ասել է, թե «Օլյան արդեն տղամարդկանց հետ է վիճաբանում, ամուսնու աչքերը հանում է, թռնում է նրա վրա»: Այդ ամենը լսելով Օլյան նստած տեղից կանգնել է, բռնել Ալլայի մազերից, կռացրել, երկու և ավելի անգամ ձեռքի ափային մասով և  բռունցքով հարվածել է նրա գլխին, դեմքին:

Օլյան աշխատել է գյուղի դպրոցում` որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Նա դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանը մեղավոր է ճանաչել նրան և որպես պատիժ նշանակել 30 հազար դրամ տուգանք:

Դատավճիռը հրապարակվել է այս ամսվա ապրիլի 22-ին և մեկամյսա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյանում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել