ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:
Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը և իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:
Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել և 2013թ. օգոստոսի 22-ին և 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. ՀՀ դրամ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել նաև Արթուր Մարգարյանին և Հովհաննես Եսայանին: Վարդան Ղուկասյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: