Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ ներկա պահին (ժամը 21.00-ին) զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ: Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին ՀՀ ՏԿԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում՝ մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1450 մարդ, 1700-ը՝ վիրավորվել, ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ: