Մեծ խնդիրներ չպետք է լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում հատուցում վճարելու հարցում, եթե Թուրքիան տրամադրվածություն ունենա, իսկ Հայաստանն էլ պատրաստ լինի ընդունել Թուրքիայի սոսկ ներողությունն ու որոշակի մեծ մլրդների հասնող գումարը՝ որպես հատուցում: Ինչպես լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց միջազգային իրավուքի մասնագետ, փաստաբան Կարապետ Քամարյանը ԱՄՆ-ից, խնդիրն այն ժամանակ կսկսվի, երբ հայկական կողմը պահանջի հողատարածքները:
Սահմանների փոփոխությունները խնդիր կառաջացնեն նաև որոշ այլ պետությունների համար՝ նրանց շահերի տեսանկյունից: Մասնավորապես, եթե իրենց համար շահեկան չլինեն այդ փոփոխությունները, այդ դեպքում ճնշում կգործադրվի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հողային պահանջներ չներկայացնի:
«Կան այսօրվա խնդիրներ, այսինքն՝ այսօր ինչ կարող ենք պահանջել և կան հեռակա հարցեր»,- ասաց Կարապետ Քամարյանը՝ փաստելով, որ իրավական հողի վրա «մենք ունենք Սևրի դաշնագիրը», որտեղ Հայաստանն ու Թուրքիան ներկայացել են որպես ազատ, անկախ պետություններ, մեծ պետությունների ներքո ոչ միայն Հայաստանի հարցն է դրված եղել, այլև «մեր չորս կողմի երկրների», ինչպես նաև քրդական հարցը: Թեև Սևրի դաշնագրով նախատեսվել են հայկական հողերի զիջումներ, սակայն Հայաստանի համար նշվել է Տրապիզոնի վերադարձի, Սև ծով ելք ու անկախ նավահանգիստ ունենալու հարցերը:
«Մենք այսօր շրջափակման մեջ ենք, իսկ եթե մենք այսօր ելք ունենայինք դեպի ծով, այդ շրջափակումն այդքան չպետք է զգայինք, տնտեսապես շատ ավելի լավ վիճակում պետք է լինեինք, արտագաղթ էլ չպետք է ունենայինք»,- ասաց սփյուռքահայ միջազգային իրավունքի մասնագետը:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Վահե Թարոյանը Իրանից իր հերթին նշեց, որ հատուցում պահանջելու հարցում «մենք երբեք չպետք է անենք այնպիսի քայլեր՝ լինի դա Սփյուռք, թե Հայաստան, որ կարող է կանխել կամ դժվարացնել, մեր դիրքերը թուլացնել»: Եթե հայկական կողմն այսօր հստակ չի դնում հողային պահանջներ, դա ունի իրավական պատճառներ, քանի որ իրավական հիմքերը պահանջում են երկար ուսումնասիրություն:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Արևմտահայերի համագումարի նախագահ Սուրեն Սերայդարյանը Ավստրիայից գտնում է, որ պահանաջատիրություն ներկայացնելու համար պետք է պատրաստ լինել:
«Այսօր Միջին Արևելքում մեծ փոփոխություններ կան, մենք չգիտենք, թե այս փոփոխություններն ինչպես պետք է առաջ ընթանան: Թուրքիան շատ ներքին դժվարություններ ունի՝ թե քրդերի, թե հարևան երկրների հետ, կառավարության մեջ էլ կա ազգային շարժում ու իսլամական շարժում, այսինքն՝ կարող է հանկարծ փոփոխություններ լինեն, որոնց պատրաստ պետք է լինենք», – ասաց նա՝ հավելելով, որ պահանաջատիրությանը ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ Սփյուռքի կազմակերպությունները պատրաստ չեն:
Սուրեն Սերայդարյանը նշեց, որ իրավաբանորեն պահանջի տեր կարող է լինել իրավունքի տերը՝ առաջին հերթին պահանջատերերը Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգներն են, երկրորդ տերը Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև միայն Հայաստանն է որպես պետություն, որ կարող է, եթե ուզի և քաղաքականորեն ու իրավաբանորեն պատրաստ լինի, Միջազգային դատարան դիմելու:
Այս հարցում շատ կարևոր է աշխատանքի բաժանումը, պետք է համագործակցություն լինի պահանջատերերի՝ Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգների միջև: Միայն պետությունն է կարող սահմանների մասին համաձայնություն ձեռք բերել իր հարևանների հետ, դա որևէ հասարակական կազմակերպություն չի կարող անել: «Ահագին աշխատանք տարված է, սակայն դա դեռևս սկիզբն է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը: