Մանկապարտեզներին 79 կգ ոչ պիտանի հավի միս է մատակարարել. մեղադրական եզրակացություն

29-ամյա Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզներին 79 կգ օգտագործման համար ոչ պիտանի հավի միս մատակարարելու համար: Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա, հաղթելով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզների հավի նիս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով և այդ մսից 2014թ. մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116,118 մանկապարտեզներին՝ 98750 դրամ արժողության:

Այդպիսով մատակարարել է ՀՀ Կառավարության 2006թ.հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս:

Գործը քննվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել