Երեք անչափահասներին մուրացկանության ու գողության դրդելու համար 24-ամյա Արմանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ապացուցված է համարել Արմանին առաջադրված մեղադրանքը. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն դատավճռի` նա, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած երեք տղաների` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու հանգամանքը, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Արմանը տղաներից մեկի հետ ծանոթացել է ինտերնետային ակումբում, այնուհետև նրանց են միացել ևս երկուսը: Տղաներին ասել է, որ պետք է փող ճարեն, հավաքեն ու այնպիսի գործ դնեն, որ «բոլորի համար լավ լինի»: Իսկ հետո ավելի մեծ գումարներ կաշխատեն ու կկարողանան Ռոստով գնալ, որտեղ Արմանի ծնողներն են ապրում:
Արմանն իր ցուցմունքներում, սակայն, չի ընդունել, թե շահագործել է երեխաներին: Ավելին` նրա խոսքով, 2013 թվականի հունվարից մինչև մարտի 19-ը, երբ ծանոթացել ու շփվել է նրանց հետ, իր վարձակալած սենյակում օթևան է տրամադրել երեխաներին, նույնիսկ սնունդ ու հագուստ տվել: Սակայն ընդունել է, որ գործով անցնող մյուս մեղադրյալ` 18-ամյա Ալբերտին ինքն է դրդել գողություն կատարելուն: Ալբերտն ու անչափահաս տղաներից մեկը գողացել են 120 հազար դրամ արժողությամբ գազի բալոն և այն վաճառել 30 հազար դրամով: Ալբերտը համաներվել է և նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք նաև, որ առաջին ատյանի դատավճիռն արդեն մտլ է ուժի մեջ: