Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքային երկրորդ օրն, այսօր թուրք գիտնական Չենգիզ Աքթարը ներկայացել էր բաճկոնի վրա թարս կողմով փակցրած անմոռուկով:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք դա պատահականություն է: Գիտնականը նախ շփոթվեց, ապա բացատրեց, որ բաճկոնի օձիքն առավոտյան բարձրացրած է եկել, իսկ երբ իջեցրել է անմոռուկի նշանը հայտնվել է հակառակ կողմում:
Հիշեցնենք՝ երեկ իր ելույթում Չենգիզ Աքթարը հատուկ անդրադարձել էր Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկին՝ նշելով, որ այն թուրքերենում էլ նույն նշանակությունն ունի , ինչը իր համոզմամբ պատահականություն չէ:
«Թուրքիայում ևս ոչինչ չի մոռացվել»,- ասել էր նա:
Լրագրողների հետ զրույցում այսօր Աքթարը հայտարարեց, որ կարևորում է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Իսկ հարցին թե ով պետք է անի առաջին քայլը, պատասխանեց. «Երկու կողմն էլ պետք է առաջինը լինեն»:
«Դիվանագիտական հարաբերությունները կարևոր են, քանի որ Թուրքիայի ղեկավարությունն այնքան էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում Էրդողանի հայտարարությանը, թե հայերն ապրիլի 24-ին մենակ նվագելու են, մենակ պարեն, թուրք գիտնականը չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե նման հայտարարություն անձամբ չի լսել:
Նշենք, որ Չենգիզ Աքթամն այն թուրք գիտնականներից է, ովքեր 2007թ-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, ստորագրահավաք նախաձեռնեցին, որով թուրքերը պետք է ներողություն հայցեին հայերից: