«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովն աշխատանքը շարունակեց «Ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով: Նիստը վարում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը և Բոստոնի համալսարանի արդի հայոց պատմության և գրականության ամբիոնի ղեկավար, ցեղասպանագետ Սիմոն Փայասլյանը:
Գիտաժողովի առաջին նիստին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ «Հայրենազրկում» հասկացության իրավական ձևակերպման անհրաժեշտությունը» թեմայով, որին հաջորդեցին Ռուսաստանի իրավաբանական բուհերի ընկերակցության նախագահ, ՌԴ ԳԱ սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բաբուրինի զեկուցումը՝ «Ցեղասպանության՝ որպես մարդատյաց քաղաքականության գործիքի դեմ պայքարի միջազգային իրավական միջոցները (նվիրված հայերի ողբերգության 100-րդ տարելիցին)», Իրավաբան, Ամերիկայի՝ Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի զեկուցումը «Ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման միջազգային իրավական հարցերը» թեմաներով:
Գիտաժողովի երկրորդ նիստը նվիրված էր Ժամանակակից միջազգային իրավունքում Ցեղասպանությունների կանխարգելման ապահովման թեմային:
Նիստը վարում էին պրոֆեսոր Սերգեյ Բաբուրինը և Միջազգային իրավունքի փորձագետ, «Արևմտահայերի ազգային կոնգրեսի» նախագահ Սուրեն Սերայդարյանը (Ավստրիա):
Զեկուցումներով հանդես եկան Միջազգային իրավունքի ռուսաստանյան ընկերակցության փոխնախագահ Ալեքսեյ Մոիսեևը՝ «Ցեղասպանությունը միջազգային իրավունքում», Բոստոնի համալսարանի արդի հայոց պատմության և գրականության ամբիոնի ղեկավար Սիմոն Փայասլյանը՝ «Ինքնիշխանության սկզբունքը և ցեղասպանության կանխարգելման մարտահրավերները 21-րդ դարում», ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Եղիշե Կիրակոսյանը՝ «Ցեղասպանության 1948 թ. կոնվենցիայի ընդունումից առաջ կատարված ցեղասպանությունների համար պետությունների պատասխանատվության առանձնահատկությունները» թեմաներով:
Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում ծավալվեց շահագրգիռ քննարկում՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային նոր կառույցների և կոնվենցիաների ստեղծման, Ցեղասպանությունների համար պետությունների պատասխանատվության, գոյություն ունեցող կոնվենցիաների դրույթների կիրառելիությունը ապահովող մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի ապրիլի 23-ին: