«Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Դասագրքային ճշմարտություն է ներկայացվում այն, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե տեղի է ունեցել միայն 1915թ., այլ սկսվել է 1895թ. և շարունակվել «մինչև 1923թ.»: Այս տեսակետի հեղինակներն իներցիայի ուժով ցեղասպանությունն ամբողջությամբ նույնացնում են զանգվածային սպանությունների հետ, մինչդեռ 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիան ցեղասպանություն է համարում նաև դիտավորյալ այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնք միտված են կրոնական, ազգային, էթնիկ կամ ռասսայական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը: Հարց. 1923թ. հետո թուրքերը դադարեցրե՞լ են ցեղասպանությունը, ստեղծե՞լ են պայմաններ, որպեսզի տուժած քաղաքացիները վերադառնան և անվտանգ շարունակեն ապրել լքված բնակավայրերում: Ինչպե՞ս կարելի է 1923թ. ավարտ համարել, երբ հենց այդ թվականի մարտի 31-ին է հայտարարվել համաներում, որի հիման վրա ջարդերի բոլոր կազմակերպիչները ու կատարողները հայտնվել են ազատության մեջ ու հերոսացվել, ինչպե՞ս կարող ենք համաձայնվել այն մտքի հետ, որ 1923թ. ստեղծվել են գաղթականների վերադարձն ապահովող պայմաններ, երբ վերջիններիս կայքն ու ունեցվածքն պետական մակարդակով ամբողջովին հափշտակվել է, իսկ 30-ականների վերջերին անգամ մահապատժի են ենթարկվել զանգվածային բնաջնջումների համար դատավճիռներ կայացրած բոլոր թուրք դատավորները, այսինքն՝ ցեղի տեսակը ոչնչացնելուն ուղղված պայմանների ստեղծումն էլ ինչպե՞ս է լինում: Թերևս, հիմնավորված չէ նաև Հոլոքոստի ու Հայոց եղեռնի միջև զուգահեռներ անցկացնելը. Հոլոքոստը դատապարտվել ու հետևանքները վերացվել են Նյուրենբերգյան դատավարության հենքով (չշփոթենք հետագայում փոխհատուցում հատկացնելու հետ), այսինքն՝ այն ավարտվել է մինչև 1948թ. Գենոցիդի մասին կոնվենցիան, մինչդեռ Հայոց եղեռնը շարունակվել է նաև Կոնվենցիայի ընդունումից հետո: Այս հարցին միանշանակ անդրադառնալու եմ «Ընդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովում նախատեսված վաղվա իմ ելույթում…»: