Հայտնաբերվել և կալանավորվել է Սևանում 44-ամյա տղամարդու սպանության համար հետախուզվող Ա.Ալեքսանյանը

Ապրիլի 21-ին Երևանում հայտնաբերվել է Սևանում 44-ամյա Կ.Մնեյանի սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Ալեքսանյանը:

Ա.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

44-ամյա Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ սպանության օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին Կ.Մնեյանը մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը: Միջոցառման ավարտից հետո Կ.Մնեյանն այլ անձանց հետ տուն գնալու նպատակով նստել է Հ.Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա.Ալեքսանյանը: Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Ա.Ալեքսանյանը մեքենայի ուղղությունը փոխել է՝ շրջադարձ է կատարել և գնացել ռեստորանային համալիրին կից ցեմենտի առաքման կետի տարածք: Հասնելուն պես Կ.Մնեյանին իջեցրել են մեքենայից և սկսել ծեծել: Ստացած մարմնական վնասվածքներից Կ.Մնեյանը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել Ա.Ալեքսանյանին և Հ.Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հ.Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել