59-ամյա Արմեն Ներսիսյանը ամբաստնյալի աթոռին է հայտնվել եղբոր կնոջը սպանելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից նա 2008թ-ի նոյեմբերի 14-ին ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է նույն գյուղի բնակչուհի, իր հանգուցյալ եղբոր կնոջ, միայնակ բնակվող Ա. Խ-ի տուն: Երեկոյան ժամը 21-ին մոտ քաշքշել, վայր է գցել Ա-ին, ոտքերով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, որից հետո իր մոտ եղած դանակով պարանոցը կտրել:
Գործի քննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Արմեն Ներսիսյանը տառապել և տառապում է «փսիխոտիկ խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով ցնորքի գերակշռումով» հոգեկան հիվանդությամբ, ինչը զրկել է նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից, այսինքն` նա արարքը կատարել է անմեղսունակության վիճակում: Իր ներկա հոգեկան վիճակով նա վտանգավորություն է ներկայացնում իր և շրջապատի համար: Փորձագետների հանձնաժողովը եզրակացրել է, որ Արմեն Ներսիսյանի նկատմամբ պետք է կիրառվի բժշկական բնույթի հարկադրակասն միջոցներ` հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցի պայմաններում:
Նոյեմբերի 23-ին որոշում է կայացվել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին, նույն օրը Արմեն Ներսիսյանը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, նույն դատարանի որոշմամբ անմեղսունակ վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած Ներսիսյանը տեղավորվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Դատարանը որոշել է անմեղսունակության վիճակում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած Արմեն Ներսիսյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից և նրա նկատմամբ կիրառել հարկադիր բուժում` հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: