Լրագրողը ձերբակալվել է 18մլն դրամ խարդախությամբ հափշտակելու կասկածանքով

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է քաղաքացի Արմենակ Դավթյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

2015 թվականի փետրվարին գրավոր հաղորդում է ստացվել Սյունիքի մարզի մի բնակչից, ըստ որի՝ Ա.Դավթյանը, 2011-2013թթ. իր վստահությունը չարաշահելով, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով, իրենից հափշտակել է 18 մլն դրամ։ Բացի այդ,  պարտքով տվել է շուրջ 5 մլն դրամ, որը նույնպես չի վերադարձրել։

Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար հիմք են հանդիսացել` Ա.Դավթյանին կասկածելու խարդախությամբ 18 մլն դրամ հափշտակելու մեջ։  2015 թվականի ապրիլի 20-ին վերջինս ձերբակալվել է, ինչի մասին, օրենքով սահմանված կարգով, տեղյակ են պահվել նրա հարազատները։

Ա.Դավթյանին պարզաբանվել են իր իրավունքները, եւ վերջինս ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Կասկածյալի կողմից հրավիրված փաստաբանը ներգրավվել է որպես պաշտպան, ում մասնակցությամբ նա հարցաքննվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել