Հաշմանդամ մորը խոշտանգած որդին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

Հաշմանդամ մորը խոշտանգելու համար հրազդանցի 46-ամյա Ռոբերտը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, միևնույն տանը բնակվող և իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ վիճաբանել է և դիտավորությամբ հարվածել նրան՝ պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:

Հաշմանդամ մայրը մեկ անգամ չէ, որ խոշտանգվել է որդու կողմից. խմած վիճակում որդին ցանկացել է հյուրասենյակում գտնվող, և հենակի միջոցով քայլող մորը տեղափոխել ննջասենյակ, սակայն վերջինս, տեսնելով, որ իր որդին ի վիճակի չէ նրան օգնել, հրաժարվել է և բռնվելով սեղանից՝ փորձել է ինքնուրույն տեղաշարժվել, ինչն էլ զայրացրել է որդուն և օգնելու փոխարեն վիճել է մոր հետ ու բազմաթիվ հարվածներ հասցրել անօգնական մոր դեմքին:

Նմանատիպ մեկ այլ դրավագով ևս ալկոհոլի ազդեցության տակ գտնվող որդին կրկին բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող, անօգնական մոր դեմքին և ձեռքերին:

Ռոբերտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը հայտարարել է,  որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում և միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, հաստատված է համարել, որ ամբաստանյալը, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ, հանդիսանալով նրա միակ խնամողը, ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:

Դատարանը, ամբաստանյալի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ` դատարանը հաշվի է առել վերջինիս կողմից կատարված հանցանքի համար զղջալը, իր նկատմամբ մեղմ վարվելու խնդրանքը, ինչպես նաև՝ ըստ բնակության վայրի՝ դրական բնութագրվելը:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առել նախկինում դատապարտված չլինելն ու վերջինիս խնամքի տակ գտնվող հաշմանդամ մոր առկայությունը, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել այն, որ նա հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ է կատարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել