«Որպեսզի դատավորը ժամանակ չկորցնի, քննիչն իր «ֆլեշկայով» է գալիս դատարան` միջնորդության տեքստը մեջը: Ընդ որում` կալանքի վերաբերյալ քննիչի միջնորդությունն ու դատարանի որոշումը նույն տառասխալներով են լինում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը` անդրադառնալով կալանավորման խնդիրներին:
Վերջին տարիներին փաստաբանները բազմիցս խոսում են այն մասին, որ խափանման միջոց կալանավորումը վարակի պես տարածված է և չի կիրառվում որպես ծայրահեղ խափանման միջոց`ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել:
«Երբ 1995 թվին Սահմանադրությունը փոխում էինք, այն մեծ մարդիկ` Խաչատրյանը, Նազարյանը գլխավոր դատախազ լինելով հանդերձ, ակտիվ ջատագովներից էին, որ կալանավորումը պետք է դատարանի միջոցով լինի, և ոչ թե դատախազները շարունակեին այդ հարցը լուծել: Մենք դեմ էինք, որովհետև մեր մեջ գերատեսչական շահն էր խոսում, ես այն ժամանակ դեռ դատախազությունում էի աշխատում»,- Ա. Սիրունյանի խոսքով, նախկին գլխավոր դատախազները կողմ են եղել, որ հավասար պայմաններում, և դատախազին և փաստաբանին լսելուց հետո դատարանը որոշի անձին կալանավորելու հարցը:
«Բայց հիմա պարզվում է, որ դատախազներն այն ժամանակ ավելի քիչ մարդ էին կալանավորում, քան դատավորները հիմա: Երբ քննիչն այն ժամանակ կալանքի կամ կալանքը երկարացնելու միջնորդությունը ներկայացնում էր դատախազին, բառիս բուն իմաստով` գնում էր այն աշխարհ, հետ էր գալիս մինչև հիմնավորում էր միջնորդությունը»,- ասաց Ա. Սիրունյանը: