Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ապրիլի 17-18-ին կազմակերպել էր «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով, որի նպատակն էր բարձրացնել ՀՀ նյարդահոգեբուժական հաստատությունների աշխատողների, ՀՀ քրեակատարողական հիմնարկների ծառայողների, փաստաբանների, լրագրողների և իրավապաշտպանների իրազեկվածության մակարդակը՝ մարդու իրավունքների ոլորտում` հավասարության սկզբունքի, խտրականության դրսևորումների և մարտահրավերների մասին գիտելիքների զարգացման և փորձի փոխանակման միջոցով:
Աշխատաժողովին մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ, հոգեբաններ ու հոգեբույժներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նրանք ներկայացրին, թե ինչպես է խտրականություն դրսևորվում տարբեր ոլորտներում, տարբեր անձանց նկատմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում՝ բանտարկյալների նկատմամբ, հասարակության կողմից՝ միասեռականների նկատմամբ, կնոջ նկատմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի դիտորդ Սերգեյ Գաբրիելյանը, նույնասեռականների խնդրին վերաբերող հարցերին անդրադառնալով, նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում կան առանձնացված խցեր՝ հաճախ շատ վատ պայմաններով, որտեղ պահվում են նույնասեռականներ, նրանց նկատմամբ առկա է խտրականություն, հնչում են վիրավորանքներ, նրանց ստիպում են կատարել «սև» աշխատանքներ՝ հավաքել տարածքի աղբը, մաքրել սանհանգույցը և այլն:
Մինչդեռ քննարկմանը ներկա քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները չէին կիսում այս տեսակետը: Նրանցից «Արմավիր» ՔՀԿ-ի բաժնի պետերից Հուսիկ Ղարաղազարյան նշեց. «Նրանց առանձնացնելը մնացած կալանավորներից չի նշանակում խտրականություն, այդ քայլն արվում է ելնելով նրանց անվտանգությունից: Կալանավորների մեծ մասը չի ընդունում և չի ցանկանում միևնույն հարկի տակ լինել միասեռականների հետ և եթե չառանձնացվեն, հնարավոր է՝ բռնության ենթարկվեն: Իսկ աշխատանքի առումով ոչ ոք, ոչ մեկին չի ստիպում աշխատել»:
Քննարկման ընթացքում հոգեբան Ցոլակ Հակոբյանն ասաց, որ խտրականության խնդրին շատ ծայրահեղ մոտեցում պետք չէ ցուցաբերել, հակառակ դեպքում՝ այն կվերածվի աբսուրդի՝ կսկսի հարց առաջանալ՝ բժիշկն իրավունք ունի՞ հիվանդին բուժելու, թե՞ ոչ, ոստիկանը մարդ ձերբակալելու, թե՞ ոչ:
Կարծիքները տարբեր էին, քննարկումները՝ բուռն. առաջարկվեցին խնդիրներն արմատախիլ անելու բազում տարբերակներ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Արթուր Սուքիասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խտրականությանն առնչվող բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն իրավական դաշտում. «Խտրականության խնդիրների մասին խոսելիս հասկանում ենք, որ իրականում դրանց լուծումը պետք է կարգավորվի առավելապես իրավական դաշտում՝ դրանք չեն տարբերվում մյուս բոլոր իրավական խնդիրներից, և փաստաբանները կարող են ավելի ճիշտ ուղորդել խնդրով մտահոգ անձանց: Շատ դեպքերում փաստաբանները դատարաններում առնչվում են խտրականության խնդիրներին և այս քննարկման ընթացքում ձեռք բերված գիտելիքները նրանց անհրաժեշտ են»,- եզրահանգեց փաստաբանը:
Լիլիթ Շաբոյան