«Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.
«Այսօր, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ հուշատախտակ տեղադրվեց Հայ Իրավագետ Վլադիմիր Նազարյանի պատվին: Միանշանակ ողջունելի նախաձեռնություն է: Գաղափարին աջակցել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, թերևս, այն միակ մարդը, որը ժամանակին անվարան ձեռք էր մեկնել Վլ. Նազարյանին՝ նրա «մեկուսացման օրերին» և նշանակել Սահմանադրական դատարանի խորհրդական, հնարավորություն տալով շարունակելու ստեղծագործական կյանքը: Ինչպես գիտամանկավարժական, այնպես էլ պրակտիկ աշխատանքում, լինելով Վլադիմիր Նազարյանի սաներից, իմ գոհունակությունն եմ հայտնում: Այն, որ Նազարյանն ինքնատիպ մտավորական ու խոշոր իրավագետ էր, հանրահայտ է, միաժամանակ, կարծում եմ, հետագա սերունդների և հենց Վլադիմիր Նազարյանի հանդեպ մեր պարտքը գոնե մասամբ կատարած կլինենք, եթե կարողանանք հասանելի դարձնել նրա գիտական ժառանգությունը: Առիթից օգտվելով նկատեմ, որ ինքս նախաձեռնել եմ այդ մեծագույն իրավագետի գիտական ժառանգության վերաբերյալ՝ կենսագրական հիշարժան փաստերով համեմված մի ամփոփ մենագրություն պատրաստելու աշխատանքը, որին առայժմ էական աջակցություն է ցուցաբերում Վլադիմիր Նազարյանի դուստրը՝ Սոնան: Կարծում եմ, գալիք տարվա սկզբներին այն կդրվի ընթերցողի սեղանին:
Մեր ուսուցչի, մեր ավագ ընկերոջ կյանքն ուսանելի է այն կտրվածքով, որ վերջինս հանրային ճանաչում, հարգանք ու սեր է ձեռք բերել ոչ թե Հանրապետության դատախազի բարձր պաշտոն զբաղեցնելու, այլ այն թողնելուց հետո՝ համեստագույն դիրք ունենալու պարագայում: Նա իր կյանքով ապացուցեց, որ մարդու արժեքը բնավ թելադրված չէ իր զբաղեցրած դիրքով, որ կարելի է ծառայել իր ժողովրդին՝ չունենալով որևէ իշխանական լծակ:
Համոզված եմ, որ Վլադիմիր Նազարյանն արժանի էր ավելի արժանապատիվ կենսագրության, իսկ բարդ իրավաքաղաքական երևույթները աննախադեպ հակիրճ ու դիպուկ բնութագրելու՝ նրա մտքի ու արժեքավոր խոսքի կարիքն զգում ենք նաև մեր օրերում:
Վլադիմիր Նազարյանը բնավ չէր ապրում այն տենչանքով, որ բոլորն իրեն անվերապահորեն սիրեին ու հանդուրժեին, սակայն այլ կերպ նա պարզապես չէր կարող, նա օժտված էր միայն համարձակ ու ուղղամիտ մտածելու ու արտահայտվելու ունակությամբ, այլ որակներ, որոնք հնարավորություն կտային հարվածներից հեռու մնալ, բնությունը նրան չէր տվել:
Հիշատակդ թող միշտ վառ մնա մեր Ռուբենիչ…»