ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր Արիս Պապիկյանին` ով Կանադայում ազգությամբ հայ միակ դատավորն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ իրավական համակարգին և Կանադայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին, Ա. Պապակիյանը նշել է, որ կանադահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայրենիքին և հատկապես Ցեղասպանությանը վերաբերող հարցերում: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը թե՛ երկու երկրների միջև իրավական ոլորտում հարաբերությունների ամրապնդման, թե՛ Ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի շրջանակներում: Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով դատավոր Ա. Պապիկյանի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը անդրադարձել է նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը: Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Գևորգ Կոստանյանը ողջունել է իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման առաջարկը, իսկ դատավոր Ա. Պապիկյանը պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը` երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցության ընդլայնման և Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար: