Մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է խոշոր չափերով կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել։ Հաղորդում են ՔԿ-ից:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կեղծ թղթադրամների և մետաղադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Տ.Եգանյանը, լինելով ֆինանսական ծանր կացության մեջ, որոշել է իրացման նպատակով պատրաստել 200 և 500 անվանական արժեքով մետաղադրամներ: Ինտերնետից ծանոթանալով պատրաստման եղանակին՝ ձեռք է բերել պղնձե մետաղներ և նմուշամանի մեջ հարվածների միջոցով ստացել կրկնօրինակը: Այդպիսով, պատրաստել և մետաղադրամներն իրացրել է կրպակներում ու երթուղային տաքսիներում:

2014 թվականի վերջերին, վախենալով, որ հնարավոր է բացահայտվի կատարված հանցագործությունը, Տ.Եգանյանը որոշել է այլևս չզբաղվել դրանով: 2015 թվականի մարտի սկզբներին հանդիպել է համածառայակից Տ.Ավետյանին: Խոսակցության ընթացքում երկուսն էլ դժգոհել են ֆինանսական վիճակից ու համաձայնություն ձեռք բերել կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու հարցի շուրջ։ Համակարգչի և տպիչ սարքի միջոցով պատրաստվել են 1.000 և 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ։

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում առգրավվել են մետաղադրամներ պատրաստելու գործիքներն ու պարագաները, այն համակարգիչն ու տպիչ սարքը, որոնց միջոցով պատրաստվել են կեղծ թղթադրամները, ինչպես նաև 1.000 և 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամների տպագրված օրինակները և թղթադրամները կտրելու պարագաները:
Հայտնաբերված ՀՀ դրամ անվանական արժեքներով թղթադրամների վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Ավետյանին և Տ.Եգանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել