ԵՏՄ-ին ու ռուսական այլ նախագծերին հանձնվելը Հայաստանում պատճառաբանվեց երկու հանգամանքով՝ տնտեսական պրեֆերենցիաներ եւ անվտանգություն: Շատերի համար հենց սկզբից՝ սեպտեմբերի 3-ից հետո էլ պարզ էր, որ նման բան չէր կարող լինել, թեեւ այն ժամանակ չկային ակնհայտ նշաններ: Փոխարենը, պրոռուսական ագենտուրան եւ քաղաքական ուժերի մեծամասնությունը պնդում էին հակառակը, թեեւ առանձնապես հակափաստարկներ չէին կարողանում ներկայացնել:
Անցավ պատմականորեն շատ կարճ ժամանակ, եւ արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ տնտեսական օգուտներ չեն լինելու: Ընդ որում, իրավիճակը հատկապես հստակ դարձավ ԵՏՄ-ին պաշտոնապես՝ 2015 թ. հունվարի 2-ին անդամակցելուց հետո: Այս տարվանից սկսած, տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի ու ԵՏՄ մյուս անդամների հետ ոչ միայն չեն զարգացել, այլ հակառակը, դրանք անկում են ապրում, առանձին ուղղություններով՝ մինչեւ 100 տոկոս:
Պարզ է դարձել նաեւ, որ Ռուսաստանը փորձում է խափանել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ցանկացած փորձ, այն պայմաններում, երբ ռուսական պետական կորպորացիաները Հայաստանում հայտնվել են սնանկացման եզրին, եւ մեր երկրից քամվում է առավելագույնը՝ աշխարհում ամենաբարձր գներով:
Հայաստանի տնտեսական աղետալի իրավիճակը պայմանավորված է հենց պրոռուսական նախագծերին միանալով: Հաճախ հակափաստարկներ են բերվում, թե պատճառը միջազգային քաղաքականության հետեւանքով Ռուսաստանում ստեղծված ֆինանսա-տնտեսական վիճակն է: Սակայն, այս «փաստարկն» ավելի է հաստատում վերոհիշյալ պնդումը: Իսկ այն պատճառաբանությունները, թե այլ երկրներ էլ են վատ վիճակում, օրինակ Վրաստանը, սովորական դեմագոգիա է, քանի որ այդ երկրները գոնե ունեն հեռանկար, հնարավորություն: Հայաստանը ԵՏՄ եւ հայ-ռուսական պայմանագրերով զրկված է նաեւ այդ հեռանկարից: Իսկ Ռուսաստանի ներկայիս վիճակը երեւում է ձգվելու է չափազանց երկար:
Հիմա գանք ամենահետաքրքիր՝ անվտանգության խնդրին, որով պայմանավորվեց Հայաստանի բռնակցումը ռուսական նախագծերին: Ընդ որում, եթե տնտեսության վերաբերյալ այլեւս ոչ ոք չի փորձում ինչ որ պատճառներ բերել, այստեղ պրո-ռուսական շրջանակները դեռ «համառում» են: Թեեւ, այստեղ էլ ակնառու բաներ են կատարվում: Մասնավորապես, ԵՏՄ-ին միանալուց հետո աճել է լարվածությունը Հայաստանի եւ Ղարաբաղի սահմաններին, հակառակորդն անցել է ռազմական գործողությունների նոր մակարդակի, կիրառելով հատուկ գործողություններ եւ տեխնիկա: Ընդ որում, դա հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ Ադրբեջանի սերտ ռազմա-քաղաքական համագործակցության եւ հենց ռուսական նախագծերին միանալու արդյունքում Հայաստանի միջազգային մեկուսացման շնորհիվ:
Բացի այդ, Ռուսաստանը հստակ հասկացնել է տվել, որ չի դադարեցնելու Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական սերտ համագործակցությունը եւ չի պատրաստվում միջամտել պատերազմի դեպքում եւ պաշտպանել իր «ռազմավարական դաշնակցին»: Սակայն, չնայած դրան, պրո-ռուսական շրջանակները շարունակում են պնդել, թե ռուսները կպաշտպանեն մեզ:
Հենց այստեղ էլ թաքնված է ամենամեծ վտանգը: Բանն այն է, որ Հայաստանը, իշխանության ու քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հանրային լայն շրջանակների պահվածքի արդյունքում, դարձել է միջազգային քաղաքականության յուրօրինակ «փորձադաշտ»: Հայաստանն այդ քաղաքականության մեջ դարձել է ցուցադրական օրինակ, թե ինչ է լինելու այն երկրների հետ, որոնք անդամակցում են ռուսական նախագծերին, եւ որոնց քաղաքական ուժերը եւ հանրությունը կամավոր հրաժարվում են ինքնիշխանությունից ու միջազգային քաղաքականության դերակատար դառնալուց:
Տնտեսության օրինակով դա արդեն ցույց է տրվել, եւ Արեւմուտքը միացրել է ֆինանսական «կաթիլային համակարգը» ֆինանսա-տնտեսական փլուզում թույլ չտալու, իր ներդրած միջոցները վերադարձնելու եւ ռուսական նախագծերի սնանկությունը ցույց տալու համար:
Հիմա հերթը անվտանգության ոլորտինն է, որը լինելու է առավել ցավոտ: Ըստ նույն տրամաբանության, լինելու է լայնածավալ պատերազմ, որի ժամանակ հայերն իրենց աչքերով են տեսնելու, թե ինչպես է իրեն պահելու իր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը: Թեեւ, գուցե տեսնեն ու չհավատան, բայց դա արդեն չի փրկելու խոշոր աղետներից:
Հնարավո՞ր է խուսափել այս հեռանկարից: Անհնար ոչինչ չկա: Սակայն, մինչ այդ երեւում է Հայաստանին պետք է ամեն ինչ ցույց տրվի իր ողջ «հմայքով: Դաժա՞ն է, անարդա՞ր է, սակայն դա է նման քաղաքական վերնախավերի ու հասարակությունների վարքի ու մտածողության գինը: Դա է միջազգային քաղաքականության տրամաբանությունն ու այդ քաղաքականությանը համարժեք չլինելու գինը, ուզենք թե չուզենք:
Հայկական բանակի ղեկավարությունը, որն ի պաշտոնե կրում է մեր տղաների արյան պատասխանատվությունը, ճիշտ կաներ հենց այժմվանից ձեւավորեր «ռուսական անվտանգության» սազանդարներից ու քարոզիչներից կազմված ստորաբաժանումներ՝ առաջին գիծ ուղարկելու համար: Ճիշտ է, նրանք արագորեն կանցնեն ադրբեջանական կողմը, Մոսկվայի հրամանով, սակայն դրանից վնաս չկա: