ԱՊԿԲ աշխատակիցները ծանոթացան Վրաստանի պրոբացիոն ծառայության փորձին

Ապրիլի 2-3-ը Աղվերանում կայացավ «Պրոբացիոն ծառայության գործունեության առանձնահատկությունները. Վրաստանի Պրոբացիայի ազգային գործակալության փորձը» թեմայով դասընթաց-քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը (ՔՀԻ) Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության (PRI) և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ իրականացվող «Այլընտրանքային պատիժների կիրառման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի մասնակիցները ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և բաժանմունքների 21 աշխատակիցներ էին (ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ): Նրանց մի մասը ներգրավված է լինելու այս տարի Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում:

Դասընթացավարը Վրաստանի Պրոբացիոն ազգային գործակալության պետի տեղակալ Թեյմուրազ Մագրաձեն էր, ով ներկայացրեց Վրաստանում պրոբացիայի համակարգը, գործառույթները, ծառայության ստեղծման և գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Նա նաև ներկայացրեց Պրոբացիայի գործակալության աշխատանքների կազմակերպման մանրամասները՝ տվյալների բազայի վարումից մինչև դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումն ու պատժի կատարման անհատական պլանավորում, վերականգնողական ծրագրերի իրականացում, ինչպես նաև՝ ներդրվելիք ծրագրերի, այդ թվում՝ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի մասին։ Հարցերի և քննարկման միջոցով դասընթացի մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հավելենք, որ նույն՝ «Այլընտրանքային պատիժների կիրառման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում 2014թ.-ին ՔՀԻ–ն կազմակերպել էր ուսումնական այց դեպի Վրաստան՝ պրոբացիայի փորձի ուսումնասիրման նպատակով, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում՝ ՔԿՎ ԱՊԿԲ աշխատակիցներ։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել