Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սա այն դեպքն է, երբ ողջամտության մասին հնարավոր բոլոր խոսակցություններն անիմաստ են ու անտեղի, քանի որ մարդը հարկադրաբար կորցրել է զարմանալու ընդունակությունը:
Առիթ ունեցել եմ այս թեմայով մի քանի անգամ հրապարակավ արտահայտվել, սակայն, այն ինչ կատարվում է այս քրեական գործով, ինձ համար մարդկայնորեն ոչ միայն անընդունելի է, այլև այն հնարավոր չէ այլ ձևով որակել, քան որպես կատարյալ իրավական բեսպրեդել…
Սա այն դեպքն է, երբ պաշտպանյալդ` Սարիկ Ուլուխանյանը, մանկուց տառապում է հոգեկան հիվանդությամբ, և դու մի ամբողջ տարի խնդրում ես սկզբում նախաքննություն իրականացնող մարմնին, այնուհետև` դատարանին` նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, և քեզ մի ամբողջ տարի մերժում են` ”անհիմն” լինելու պատճառաբանությամբ…
Սա այն դեպքն է, երբ քննիչն առանց քո մասնակցության, այցելում է ՀՀ ԱՆ ‘’Դատապարտյալների հիվանդանոց’’ ՔԿՀ-ում հարկադիր բուժման մեջ գտնվող պաշտպանյալիդ, և ”ծանոթացնում” փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, ավելին, այդ ընթացքում, պաշտպանյալդ ”հասցնում” է համաձայնվել և հայտնել իր դիրքորոշումը նշված որոշման մասին:
Սա այն դեպքն է, երբ սևով սպիտակի վրա գրում ես, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի ուժով քո ներկայությունը պարտադիր էր նշված քրեադատավարական գործողությանը, քեզ պատասխանում են, որ ասածդ ”անհիմն” է:
Սա այն դեպքն է, երբ սևով սպիտակի վրա գրում ես, որ խախտել են պաշտպանյալիդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքները, մասնավորապես` պաշտպանյալդ զրկված է եղել վերը նշված հոդվածով իրեն տրված իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ավելին, որ նրան, ըստ էության, գաղտնի և առանց վերջինիս կամքի, իսկ ճիշտ կլինի երևի ասել` ”Դատապարտյալների հիվանդանոցից” գողացել ու տարել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության, քեզ պատասխանում են, որ ասածդ ու գրածդ ”անհիմն” է:
Սա այն դեպքն է, երբ վերաքննիչ քրեական դատարանին ներկայացնում ես պաշտպանյալիդ վերաբերյալ 2013 և 2014 թթ. անցկացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, որից պարզվում է, որ 2014թ. տրված եզրակացությունը, ըստ էության, տառացիորեն արտագրված է 2013թ. եզրակացությունից, ինչից պետք է հանգել հետևության, որ ամբուլատոր փորձաքննություն, որպես այդպիսին, իրականում չի եղել /մի 5 րոպե խոսել են պաշտպանյալիդ հետ ու ասել` ցտեսություն/ և խնդրում ես, որ անթույլատրելի ապացույց ճանաչվի 2014թ. տրված եզրակացությունը, քեզ մերժում են` ”անհիմն” լինելու պատճառաբանությամբ…
Հ.Գ.1. Դատավճիռը հրապարակել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը:
Հ.Գ.2 Վերաքննիչ բողոքը մերժվել է նախագահող դատավոր` Մանուշակ Պետրոսյանի, դատավորներ` Սևակ Համբարձումյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի կողմից:
Հ.Գ.3. Այս քրեական գործի մասին առավել մանրամասն կներկայացնենք մի քանի օր անց…
Կեցցե՛ մեր դատական համակարգը, և կեցցե՛ մեր արդարադատությունը….»