Միանշանակ չկա այնպիսի «դեղատոմս», որ թույլ կտա կանխել բոլոր հանցագործությունները: Խոսելով քրեական հեղինակություններից բխող խնդիրներից և հանցածին տարրերի վերացման հարցից՝ կարծիք հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Այլ բան է, որ գուցե որոշակի ավելի լուրջ աշխատանքի արդյունքում ավելի շուտ տեղեկություն կստանա ոստիկանությունը ենթադրյալ խնդիրների, հակամարտությունների վերաբերյալ, որոնք միգուցե հիմք կտան ենթադրելու, որ հանցագործություն կարող է լինել: Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ հանցագործություններ կան, որ հնարավոր չէ կանխարգելել: Համենայն դեպս կարծում եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում, որ պայքարն իրականում լինի, որոշակի առումով նմանաբնույթ հանցագործությունները կանխվեն»,- նշեց փաստաբանը՝ անդրադարձ կատարելով նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կրակոցներին:
Թե ինչով կարող է պայմանավորված լինել այն հանգամանքը, որ այս կրակոցների գործը հանձնվեց ԱԱԾ-ին, փաստաբանը նշեց. «Իրականում հանգամանքները կարող են բազմաթիվ լինել, այս պահին մեզ հայտնի չէ իրավական հիմքը, բայց պետք է ընդունենք, որ ԱԱԾ-ն ավելի մեծ հնարավորություն ունի, գուցե դրանով է պայմանավորված, որ համագործակցված աշխատանք ընթանա»,- ասաց փաստաբանը: