ՄԻԵԴ դատավորների 2015թ. մրցույթը տեղի է ունեցել խախտումներով և իրավաչափ չի եղել: Այս կարծիքին է «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տիկին Հակոբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը ուղղակիորեն չեղյալ է համարել նախկին որոշումը, որը վերաբերվում էր դատավորների ընտրությանը և հայտարարել է նոր մրցույթ: Նա ասաց, որ մրցույթը, ըստ կանոնի, անցկացվել է երկու փուլով` փաստաթղթերի ստուգման փուլ և հարցազրույցի փուլ: Սակայն առաջին փուլում հանրությունը զրկված է եղել փաստաթղթերը դիտարկելու հնարավորությունից, իսկ հանձնաժողովի բոլոր նիստերը եղել են փակ. «Հայտնի չէ, թե ինչպե՞ս են մասնագետները ընտրվել, ինչպե՞ս է անցկացվել հարցազրույցը, ի՞նչ թեստեր են եղել, ովքե՞ր են դրանք կազմել»,- ասաց Տիկին Հակոբյանը:
Իսկ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ տվյալ մրցույթը չէր կարող անցկացվեր արդարացի և թափանցիկ, քանի որ հանձնաժողովը կազմվել է ՀՀ նախագահի օգոստոսի 2-ի հրամանագրով և ծանոթանալով հանձնաժողովի կազմի հետ, արդեն իսկ ակնհայտ էր անդամների կախյալ վիճակը. «Հանձնաժողովի կազմում եղել են 9 անդամներ, որոնցից 8-ի դեպքում ունեինք լուրջ հիմքեր, որ նրանք քաղաքականապես չեզոք չէին կարող լինել և կախված են եղել ՀՀ նախագահից և գործադիր իշխանությունից»,-ասաց փաստաբանը:
Պարոն Շուշանյանը հայտնեց, որ նրանք չեն նշանակվել ըստ իրենց գիտելիքների և չի եղել, ոչ մի բացատրություն, թե տվյալ մարդիկ ինչու են ընտրվել որպես հանձնաժողովի անդամ: Փաստաբանի համոզմամբ՝ հանձնաժողովի նպատակը չի եղել թափանցիկ և արդարացի մրցույթ անցկացնել և 2 մրցույթներում ընտրվել են իրենց կողմից լիազորված անձանց:
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ մրցույթի ընթացքում հանձնաժողովի անդամները պարբերաբար բացակայել են և ներկա չեն գտնվել հավակնորդների հարցազրույցներին, սակայն նրանց գնահատել են: Իսկ հարցազրույցի ժամանակ խորքային հարցեր ընդհանրապես չեն հնչել և շատերին տրվել են հարցեր, որոնք տալու իրավունք չունեին: «Պարզ չի եղել, թե ինչ գնահատականներ են դրվել: Հանձնաժողովի անդամները չեն բացահայտել, թե ում ինչ գնահատականներ են դնում, իսկ գնահատման թերթիկները ընդհանրապես չեն հրապարակվել»:
Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ իրենք զեկույց են ուղարկել Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին և պահանջել են որպեսզի ամենայն ուշադրությամբ քննության առնվեն կառավարության կողմից ներկայացված բոլոր փաստերը և փաստաթղթերը:
Ելենա Արամյան
Իրավաբան.net