«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշման նախագիծը մեկ շաբաթ առաջ կառավարության կողմից հավանության արժանացավ և պաշտպանության նախարարին լիազորվեց սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
Նախագծի համաձայն, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրագրել Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 10 միլիարդ 411 միլիոն 911 հազար դրամ (ձեռք բերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառակուսի մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառակուսի մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից:
Եթե որոշումն ուժի մեջ մտնի, ապա, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից: Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը (ՄՄՀ) կառավարությունը պարտքի դիմաց հանձնել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ՄՄՀ շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ կառավարության որոշման նախագիծը կքննարկվի և վերջանական դիրքորոշում կհայտնեն առաջիկա օրերին, սակայն մինչ այդ կարող է վստահեցնել, որ այն խախտումներով է ընդունվելու:
«Իհարկե, խախտումներ կան: Նախ այն, որ ֆիրմային անվանումների մասին օրենքով նույն անվանումը չի կարող կրել և ՓԲԸ-ն, և ՊՈԱԿ-ը, դա միանշակ է: Շարժական գույքը հանձնելու մասով նույնպես խախտում է, դա ընկերության սեփականությունն է, չեն կարող հանձնել: Ի դեպ, շարժական գույքը ստանալու մասով մենք, նաև այլ ընկերություններ հայց ունենք դատարանում»,- ասաց փաստաբան Արմինե Հակոբյանը:
Նշենք, որ ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը բազմիցս խոսել է այն մասին, որ համալիրում է մնացել աշխատակիցների և 10-ից ավելի կազմակերպությունների գույքը, որ ոչ միայն չեն հանձնում տերերին, այլև շարունակում են օգտագործել:
Փաստաբանը նշեց, որ ներկայումս ՄՀՀ-ն մոտ մեկ տասնյակի չափ դատական գործեր ունի, որոնք քննության տարբեր փուլերում են, և մինչ դրանց ավարտը կառավարությունը չէր կարող նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: