48-ամյա Արթուր Հարությունյանը ամբաստանյալի աթոռին էր հայտնվել այն բանի համար, որ ոմն Նարինե Ոսկանյանին կեղծ տեղեկանք էր տվել այն մասին, թե նա աշխատում է «Քիսո» ՍՊԸ-ում: 2007 թվականին կեղծ տեղեկանքը, որում նշված է եղել նաև աշխատավարձի չափ, ներկայացվել է «Զարգացման հայկական բանկ»` վարկային պայմանագիր կնքելու համար:
Սրանից բացի` Արթուրը 2008 թվականին «Արֆին» վարկային կազմակերպությունում Գևորգ Շիրականյանի անվամբ վարկային պայմանագիր կնքելու համար իրացրել` ներկայացրել է իրավունք վերապահող` ՀՀ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի կեղծ տեղեկանք:
Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ընդունվել դատավոր Արշակ Վարդանյանի վարույթ: Ամբաստանյալը դատարանում միջնորդել է իր նկատմամբ կիրառել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» մասին ԱԺ որոշումը: Մեղադրող դատախազը չի առարկել միջնորդության դեմ:
Դատարանը որոշել է Արթուր Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի թիվ ԱԺՈ-080-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը և միաժամանակ 2-րդ կետի 1-ին ենթակետը նրա նկատմամբ կիրառելու հիմքով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: