Շտապօգնության աշխատակիցը մեղադրվում էր դիակից ականջօղերը գողանալու համար

Շտապօգնության աշխատակից 53-ամյա Ռաիսա Կետիկյանը ամբաստանյալի աթոռին էր հայտնվել մահացած մարդու ոսկե ականաջօղերը գողանալու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ռաիսա Կետիկյանը  աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն»  պետական փակ բաժնետիրական ընկերությունում որպես ֆիլդշերական բրիգադայի սանիտար: 2014 թվականի սեպտեմբերի 21-ին իր հերթապահության  ժամանակ ահազանգ ստանալով, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, շտապօգնության մեքենայի վարորդի հետ մեկնել են վերը նշված բնակարան, և  դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ: այս ընթացքում էլ Ռաիսան դիակից գաղտնի հափշտակել է մոտ  50.000 դրամ արժողության ոսկյա ականջօղերը:

Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Դատարանն այս տարվա մարտի 20-ին Ռաիսա Կետիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է ընդունել` հիմք ընդունելով այն, որ ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում տվողը` մահացած անձի հարազատը հետ է վերցրել իր բողոքը:

Դատարանի որոշմամբ, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է, և իրեղեն ապացույց ճանաչված մեկ զույգ ոսկե ականջօղը վերադարձվել է մահացածի հարազատին:

Հ.Գ. Անունները փոխված են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել