Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հակոբ Մելիքյանի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Պաշտպանը միջնորդել է բեկանել և փոփոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և իր պաշտպանյալ Հակոբ Մելիքյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ խոշոր չափերով խարդախություն, և նշանակել մեղմ պատիժ կամ բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Պաշտպանը միաժամանակ միջնորդել է նաև պատժի մասով բեկանել և փոփոխել դատավճիռը՝ Հակոբ Մելիքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածի կիրառումը ճանաչել թույլատրելի: Խոսքը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հակոբ Մելիքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:
Պաշտպանը գտնում է, որ դատավճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ:
Ըստ պաշտպանի՝ դատարանը մեղսագրվող արարքում Հակոբ Մելիքյանին մեղավոր ճանաչելով՝ պատշաճ կերպով չի հիմնավորել և չի պատճառաբանել իր դիրքորոշումը, եթե այն պատշաճ գնահատվեր, ապա ակնառու կդառնար, որ կաշառք ստանալու սուբյեկտն ու օբյեկտիվ կողմը բացակայում են:
Պաշտպանական կողմը գտնում է, որ Հակոբ Մելիքյանի կողմից փաստացի կատարված գործողությունները իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:
Պաշտպանը գտնում է, որ եթե անգամ Հակոբ Մելիքյանը մեծ ցանկություն ունենար, չէր կարող որևէ գործողություն զինծառայողի օգտին կատարել այն պարզ պատճառով, որ չի ունեցել որևէ գործողություն կատարելու լիազորություն: Գործի փաստական հանգամանքներից առավել ակնհայտ է դառնում, գտնում է պաշտպանը, որ Հակոբ Մելիքյանը Դավիթ Գալեչյանից այդ գումարը վերցրել է միայն ՄՌՏ հետազոտությունից հետո, այսինքն՝ այն բանից հետո, երբ վերջնականապես համոզվել է, որ Դավիթ Գալեչյանն իրոք տառապում է զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությամբ: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հակոբ Մելիքյանը, 2013թ հունվար ամսին բաժանմունք ընդունված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, 2013թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Իսկ ըստ Դավիթ Գալեչյանին առաջադրված մեղադրանքի, նա ծառայությունից զորացրվելու նպատակով Հակոբ Մելիքյանին է փոխանցել առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6000 ԱՄՆ դոլար, կաշառք: Դ. Գալեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, և դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: