Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ստորաբաժանման պետն ու առաջատար մասնագետը դատապարտվեցին ազատազրկման

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանն ու նույն բաժանմունքի նախկին առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը Արմավիրի մարզի դատարանի դատավճռով դատապարտվել են չորս տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, այն է՝   մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը:

Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի դատական քննությամբ   գործով տուժող Բ. Բուդաղյանը դատարանին տվել է հակասական, իրարամերժ ցուցմունքներ` գործի իրական հանգամանքների վերաբերյալ։ Դատարանը՝ գնահատելով, համադրելով գործի ապացույցները, տուժող Բ. Բուդաղյանի  նախաքննությամբ,  դատական քննությամբ տված ցուցմունքները, գտել  է, որ արժանահավատ և հիմնավորված պետք է համարել տուժողի` նախաքննությամբ տված սկզբնական ցուցմունքները, ինչպես նաև Ս. Հարությունյանի և Ա. Խաչատրյանի հետ առերես ցուցմունքները: Դրանց  համաձայն,  համաներումը կիրառելու համար իրենից գումար է պահանջել հատկապես Ս. Հարությունյանն Ա. Խաչատրյանի ներկայությամբ` առաջարկելով հետագա կապը պահել նրա հետ և նրան տալ պահանջված գումարը, ինչը և նա արել է` գումարի չափը սակարկելով Ա. Խաչատրյանի հետ։

Դատարանի գնահատմամբ, ամբաստանյալներ Ս. Հարությունյանի և Ա. Խաչատրյանի թե՛ նախաքննությամբ, և թե՛ դատական քննությամբ հայտնած դիրքորոշումներն անհիմն են, նպատակ են հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից ու պատժից, իսկ  Ա. Խաչատրյանի դեպքում՝ մեղմել պատասխանատվության աստիճանը։ Նրանց պատճառաբանությունները, ըստ դատարանի իրավական վերլուծության, հերքվել են քրեական գործով ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցներով։

Դատարանը՝ քննության առարկա դարձնելով պաշտպանության կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունները` ապացույցների անթույլատրելիության, ապացույցների շարքից հանելու, տուժող Բ. Բուդաղյանի ցուցմունքներն անարժանահավատ դիտելու, գումարի մշակման, դեպքի վայրի զննության, տեսանկարահանման, լազերային սկավառակների արձանագրությունների և մյուս հանգամանքների վերաբերյալ, գտել է, որ դրանք  անհիմն են, ենթակա են մերժման, նկատի ունենալով, որ նշված ապացույցները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, օրենսդրության պահանջների համապատասխան և թույլատրելի են։

Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ, դատարանն ապացուցված է համարել, որ  ամբաստանյալ Սահակ  Հարությունյանն՝  աշխատելով որպես ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ,  նույն  բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ չափերով խարդախության համար  900.000 ՀՀ դրամի չափով տուգանքի դատապարտված Բաբեն Բուդաղյանից, նրա օգտին  գործողություն կատարելու` հայտարարված համաներումը կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացն սկսելու համար, շորթմամբ, 2013 թվականի հոկտեմբերի 4-ին նրանից պահանջել և 2013 թվականի հոկտեմբերի 14-ին նշված բաժանմունքի` Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 15-րդ հասցեում գտնվող իրենց նստավայրում ստացել են խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել