Խարդախության մեջ մեղադրվող կասկածյալը վստահեցնում է՝ կվերադարձնի հափշտակված 33 000 դոլարը

Երևանի բնակիչ, մեքենայի առուվաճառքով զբաղվող ընկերության նախկին աշխատակից Վլադիմիր Հովսեփյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին գործարք կնքած մի քաղաքացու մեքենան այլ քաղաքացու վաճառելու և գումարին տիրանալու կասկածանքով:

Ըստ ոստիկանության՝ Հովսեփյանը սոցցանցերից մեկում կարդացել էր, որ մի քաղաքացի ցանկանում է վաճառել իր մեքենան, զանգահարել, հանդիպել եւ տեսել էր մեքենան, ապա գումարը մաս-մաս վճարելու պայմանով՝ նոտարական գրասենյակում փոխառությամբ պայմանագիր էին կնքել: 47 հազար 500 դոլար արժողությամբ մեքենայի դիմաց վճարել է ընդամենը 14 հազար 500 դոլար և գումարի մնացած մասը մարելու փոխարեն՝ այն մեկ այլ քաղաքացու է վաճառել և տիրացել գումարին:

«15 աշխատանքային օրվա ընթացքում ինքը ասում ա, որ գումարը կվերադարձնի, բայց արդեն ինձ խաբել, մեքենան պարտքի տեղ տվել ա ուրիշին, իր անունով էլ ոչ մի միջոց չունի, որ իմ գումարը կարողանա վերադարձնի»,- ոստիկանության բաժնում պատմել է տուժողը:

Վլադիմիր Հովսեփյանը ոստիկաններին վստահեցրել է, որ մինչև ժամկետի ավարտը ինքը կկատարի պայմանագրով ստանձնած պարտականությունները և կվերադարձնի գումարի մյուս մասը։

Նշենք, որ ներկայումս Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ մեկ այլ գործով քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խարդախություն, մեղադրանք է առաջադրված:

 Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել