Հայաստանի և Չինաստանի նախագահները համատեղ հռչակագիր են ստորագրել

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին հաղորդում է Նախագահականի լրատվական ծառայությունը:

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Կնքված երկկողմ պայմանագրերի և հուշագրերի ցանկը ներկայացված է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:

Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում՝ հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։ Ձեռք բերվեց փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ։

Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը բարձր գնահատեցին երկկողմ համագործակցության նկատելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, եկան այն եզրակացության, որ Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, այլև նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության։

Ելնելով երկկողմ բարեկամական համագործակցության հետագա զարգացման ընդհանուր ձգտումից, ինչպես նաև գիտակցելով երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության հետագա խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Կողմերը «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագրում հայտարարում են հետևյալի մասին.

«Կողմերը համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը և աջակցությունը։

Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։

Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների և խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում։

Կողմերը լիովին սատարում են սեփական իրողություններից ելնելով երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս Կողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։»

Ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:

Լուսանկերը՝ president.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել