ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, քրեական իրավունքի մասնագետ Աննա Մարգարյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում անդրադարձավ քրեական հեղինակությունների գործողությունների վերահսկման խնդիրներին:
Տիկին Մարգարյանը հիշատակեց Վրաստանի փորձը. «Վրաստանում քրեական պատասխանատվություն սահմանվեց բոլոր այն անձանց համար, ովքեր հայտնում էին, որ իրենք «օրենքով գող» են: Հետաքրքիր էր, որ երկու գաղափար էին բախվում՝ քրեական հեղինակությունների պատկերացումների՝ իրենց «գողական օրենքներով» և երկրորդը՝ պետության օրենսդրության: Մի կողմից պետությունն ասում էր, որ եթե անձն հայտարարում է, թե ինքը «օրենքով գող» է, ապա ենթակա է քրեական պատասխանատվության: Այստեղ այդ քրեական հեղինակությունների արժեհամակարգի խնդիրն է առաջ գալիս: Նույն «օրենքով գողը» չէր կարող հրաժարվել իր կարգավիճակից, այսինքն՝ եթե նրան հարցնում են, թե դու «օրենքով գող» ես ու ասի՝ ոչ, ապա իր պատկերացմամբ խնդիրներ են առաջանալու»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս մեխանիզմը կիրառելուց հետո Վրաստանից «օրենքով գողերն» մեխանիկորեն դուրս եկան:
«Բայց արդյոք դրանից խնդիրը լուծվե՞ց, արդյոք Վրաստանում ներկայումս չկա՞ բռնություն ու «օրենքով գողի» ազդեցություն և այլն: Սա տեղաշարժի խնդիր չէ: Ընդհանուր կանխարգելման միջոցառումները պետք է լինեն բարձր մակարդակի վրա: Չմտածեք, որ սրանով ես փորձում եմ նսեմացնել իրավապահ մարմինների գործողությունները, որովհետև կանխարգելում նշանակում է բարդ համակարգ»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: