ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
Նախարարությունից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Նախագծով նախատեսվել են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտի կատարելագործմանը, հասարակության քաղաքական համակարգում քաղաքացիական ինստիտուտների դերի բարձրացմանը, դրանց կազմակերպական և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը:
Այդ նպատակով՝ առաջարկվող նախագծով տրվել է ՀԿ-ների դասակարգման յուրօրինակ մոդել, որը, թեև ուղղակի ազդեցություն չունի գործառութային ասպեկտի վրա, սակայն այն կարող է ապահովել բովանդակային նոր մոտեցում՝ ՀԿ-ների գործունեության կամ դրանց ընկալման նոր մոդելավորմամբ և հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ ամրապնդման, արժեքային վերաիմաստավորման ու զարգացման համար:
Աղբյուրը նաև փոխանցում է, որ նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի հասարակական կազմակերպությունների հետ և կուղարկվի ՀՀ կառավարություն: