Ատրճանակն ուղղել է տանտիրոջ վրա. մանրամասներ Կոտայքի մարզի կրակոցներից

Այսօր, ժամը 10-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տանտիրուհին ներսից դուռը կողպելով՝ զանգահարել է ամուսնուն, որը շտապել է տուն և շենքի բակում հանդիպելով հիշյալ անձանց՝ պարզաբանում է պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, և եռյակից մեկը ատրճանակն ուղղել է տանտիրոջ վրա, ապա հիշյալ անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բնակարանատերը անմիջապես օգնության է կանչել ընկերոջը, և նրանք իրենց մեքենայով սկսել են հետապնդել փախչողներին:

Աբովյան-Նորի Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին եռյակից նույն անձը իջել է մեքենայից, կրկին զենքը պահել հետապնդողների վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում նրան ու բնակարանատիրոջը պատճառվել են հրազենային վնասվածքներ:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտներով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս: Փախուստի դիմածների ավտոմեքենայի պատկանելությունը պարզված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մյուս երկուսի ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել