ԵՏՄ երկրներից ներկրված ավտոմեքենաների բոլոր ձևակերպումները մեկ վայրում՝ «Մեկ պատուհան» սկզբունքով

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը, նոր ընթացակարգեր են գործում: Ավտոմաքսատան պետ Բաբկեն Խազարյանի խոսքով` 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ»: Քանի որ նոր կարգով ավտոմաքսատուն դիմելու անհրաժեշտություն չէր առաջանում, ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո ներկրողները պետք է դիմեին հարկային մարմին՝ վճարելու ԱԱՀ-ն: Իսկ դա նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար ստիպված էր տարբեր գերատեսչություններ այցելել: Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ՝ քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ըստ Բաբկեն Ղազարյանի, ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այսօր հնարավորություն ունենան մեկ վայրում իրականացնել ամբողջ գործընթացը. «Վերացել է հարկային տեսչություններ այցելելու պահանջը, փոխարենը` ավտոմաքսատանը ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ, քաղաքացին այժմ ԱԱՀ-ն վճարում է ավտոմաքսատանը, որտեղ նրան սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները»: Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով և ժամանակակից տեխնիկայով: Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլև միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում:

Մաքսատանն այժմ օրական ձևակերպվում է ԵՏՄ-ից ներկրված 35-40 ավտոմեքենա, այնինչ, մինչև 2015 թվականը ՌԴ-ից ամսական ընդամենը 100-200 ավտոմեքենա: Նախորդ տարիների համեմատ աճի միտում է արձանագրվել նաև Հայաստանից ԵՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 250-300 ավտոմեքենա, ապա 2015-ի հունվարից մինչ այսօր` արդեն իսկ 450:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել