Կրակոցներ և սպառնալիքներ. 2 հոգի ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչակա վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Նորքի բնակիչներից մեկին պատկանող ավտոտնակների ուղղությամբ 2015 թվականի մարտի 20-ին արձակված կրակոցների, օրեր անց տան դարպասի բռնակին պայթուցիկ սարք ամրացնելու դեպքի մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

2015թ. փետրվարի 20-ին` ժամը 03:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Նորքի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ և վնասել Յու. Ավագյանին պատկանող գույքը, ավտոտնակում կայանված «Տոյոտա Լանդ Կրույզեր» մակնիշի ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Օրեր անց` 2015թ. մարտի 2-ի առավոտյան, նռնակ եւ պայթուցիչ է հայտնաբերվել Յու. Ավագյանի եղբորը պատկանող` Նորքում գտնվող տան դարպասի բռնակին` մետաղյա ամրալարով ամրացված: Դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները վկայել են՝ նշված երկու հանցագործությունները միևնույն անձի կողմից կատարված լինելու մասին, ուստի որոշում է կայացվել երկու քրեական գործերի վարույթները միացնելու մասին:

Նախաքննության ընթացքում գործով տուժողը վարույթն իրականցնող մարմնին ներկայացրել է անհայտ անձի կողմից իրեն հասցեագրված մի քանի սպառնալից նամակներ: Մասնավորապես` հեղինակը նշել է, որ ավտոտնակի վրա կատարված կրակոցները կատարվել են իր կողմից և պահանջել 32.000 ԱՄՆ դոլար` սպառնալով, որ հակառակ պարագայում «շատ վատ կլինի» նրա և նրա ընտանիքի անդամների համար:

Քննությամբ մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնց ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ:

Դատարանի թույլտվությամբ կատարված խուզարկության արդյունքում՝ ՀՀ քաղաքացի Հ. Հայրապետյանի հաշվառման վայրից հայտնաբերվել և առգրավվել է 1 հատ հրացան, նոթբուք տեսակի համակարգիչ, «HP» տեսակի տպիչ սարք, որի պատճենահանման փեղկի տակ դրված Ա4 չափսի թղթի վրա առկա են եղել որոշ գրառումներ, այդ թվում՝ տուժողի հասցեն:
Եղբոր` Ս.Հայրապետյանին պատկանող քարի մշակման արտադրամասից հայտնաբերվել է 2 հատ ԱԿ74 տեսակի գործարանային համարաներով, 1 հատ ԱԿՄՍ տեսակի գործարանային համարով ինքնաձիգներ, 1 հատ ՌՊԳ-7Վ տեսակի նռնականետ, 1 հատ ՊԳ-7Մ գրառմամբ նռնականետի արկ, 1 հատ «ԱՏՄԱՍ» գրառմամբ ատրճանակ, 15 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 727 հատ 5.45 մմ տրամաչափի, 1136 հատ 7.62 մմ տրամաչափի, 355 հատ 5.6 մմ տրամաչափի, 2 հատ 9 մմ տրամաչափի, 17 հատ տարբեր տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտներ , 16 հատ որսորդական հրացանի պարկուճ և ավտոմեքենայի հնամաշ համարանիշեր:

Ս.Հայրապետյանի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1 հատ նռնակ, ավտոմեքենայի համշարանիշեր և համակարգչային պրոցեսոր:

Հայտնաբերվել են նաև բազմաթիվ բջջային հեռախոսաքարտեր և էլեկտրոնային կրիչներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով, Հայրապետյան եղբայրները 21.03.2015թ. ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Այս մասնին Իրավաբան.net -ը  տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել