Նախկինում վեց անգամ դատված Պողոս Անտոնյանը նորից ամբաստնյալի աթոռին է հայտնվել` այս անգամ մորը ծեծելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության, Պողոսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մորը պատկանող բնակարանը աճուրդով վաճառելու նպատակով վերջինիցս պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր, սակայն մերժում է ստացել: Եվ 2014թ. ապրիլի 8-ին ժամը 15:00-ի սահմաններում հիշյալ բնակարանում ծեծի է ենթարկել նրան` առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այս գործն իսկզբանե մակագրված է եղել մեկ այլ դատավորի, սակայն վերջինս ինքնաբացարակ է հայտնել այն հիմքով, որ տուժողը` ամբաստնյալի մայրն իրեն ազգական է:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: