Մեղադրողը 8 տարվա ազատազրկում էր միջնորդել, սակայն դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ

Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել: Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Գրառման մեջ ասվում է.

«Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Ռ. Պապոյան/ թիվ ԵՄԴ/0087/01/14 քրեական գործով հրապարակել է ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ, որով ճանաչել և հռչակել է հանցանքների կատարման մեջ իմ պաշտպանյալ Թ. Գրիգորյանի անմեղությունը` ազատելով նրան դատարանի դահլիճից:

Իմ պաշտպանյալի նկատմամբ առաջադրված է եղել մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով, և նա 2014թ. հունվարի 20-ից եղել է կալանավորված:

Հատկանշական է այն հանգամանքը, որ մեղադրողի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` իմ պաշտպանյալին ենթարկել ազատազրկել` 8 տարի ժամանակով:

Մենք դեռևս հնարավորություն կունենանք առավել մանրամասն անդրադառնալու այս գործին, այս պահին ցանկանում եմ միայն նշել, որ շուրջ մեկ տարի տևող համառ պայքարի արդյունքը պսակվել է հաջողությամբ:

Որպես փաստաբան, կարծում եմ, որ յուրաքանչյուր արդարացման դատավճիռ յուրովի կերպով նպաստում է մեր երկրում արդարադատության իրականացման, իրավական պետության, իրավունքի գերակայության անշրջելի հաստատման բարդ ու դժվարին ճանապարհի կառուցմանը…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել