Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում ասաց.

«Մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ Մշտական խորհրդում։ Նախորդ անգամ ես այստեղ էի երկու տարի առաջ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ։

Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից։

Դեռևս 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։

Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջև՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար։

Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների»։ Այս համատեքստում նշվեց ԵԱՀԿ կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։

Անդրադառնալով Հայաստանի Նախագահի կողմից իր թուրք գործընկերոջը ապրիլի 24-ին Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հրավիրելուն՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես անձամբ փոխանցեցի հրավերը Նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար»։

Խոսելով 2014թ. սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա ցավալի և, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։

«Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը», – ասաց նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը, խոսելով կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ, նշեց. «Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերել կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին: Հայաստանը նախարարական և մշտական խորհուրդների մակարդակներով բարձրացրել է ԵԱՀԿ և նրա հարևանության տարածքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հիմնախնդիրները, այդ թվում՝ մասնակից պետություններին հիշեցնելով իրենց պարտավորությունները՝ կանխելու ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց տարածքների օգտագործումը»:

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում անդրադարձավ ԵԱՀԿ տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ շեշտելով այդ կառույցների ներդրումը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործում, ինչպես նաև` ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և վերջինիս գործունեության առաջնահերթություններին: Էդվարդ Նալբանդյանը նաև անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը: Այս կապակցությամբ նա նշել է.

«Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որևէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները:

Ադրբեջանական սադրանքները արտահայտվել են նաև մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով և հայտարարել, թե Հայաստանը և իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և մտավորականությունը, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

Արտաքին գործերի նախարարի ելույթն ամբողջությամբ կարող եք գտնել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել