ՀՀ կառավարությունն փետրվարի 26-ի նիստին գործադիրը հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն արդեն ներկայացվել է Ազգային ժողով:
Կառավարության նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թվականի զորակոչից երկարաձգել մինչեւ 2014 թվականի զորակոչը:
Նախագծում կարդում ենք` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խուսափելով քրեական հետապնդումից` չեն վերադառնում Հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն hինգերորդ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում:
2013 թվականին, օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801.230.000 ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:
Փաստաթղթի «Եզրակացություններ» բաժնում ասվում է. «Համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկատվության, 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801,230,000 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարճաժամկետ ժամանակահատվածում կլինի չեզոք, իսկ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ դրական, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց այն քանակը, որոնք պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց կվճարեն օրենքով սահմանված վճարը, ինչպես նաեւ հնարավոր չէ կանխատեսել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնցով պայմանավորվում է նշված վճարի չափը:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն»: