Պարզվում է կենդանիների գերեզմանոց, այնուամենայնիվ, գոյություն ունի

Յուրաքանչյուր ընտանի կենդանու համար 5000 դրամ տուրքի համաչափությանն ու դրա վերաբերյալ Երևանի ավագանու համապատասխան որոշմանն անդրադարձել էինք «Իրավական շաբաթի» հերթական թողարկման ժամանակ:

Ինչպես արդեն իսկ նշել էինք, քաղաքապետարանից մերժել էին հարցազրույց տալ` խոստանալով պատասխանել այն հարցերին, որոնք հնչելու էին հարցազրույցի ժամանակ: Պատասխանը ստացանք թեև կարճ ժամանակով (և մեր իսկ ջանքերի շնորհիվ), սակայն այն, մեղմ ասած, գոհացուցիչ չէր:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե հարցերին լիարժեք կպատասխանեն տեղեկություններ ստանալու համար նախատեսված պատշաճ ժամկետում: Եվ երեկ ահա ստացել ենք հետևյալ 5 տողանոց «լիարժեք» պատասխանը.

«Կապված կենդանիների թաղման նպատակով Երևան քաղաքում առանձնացված վայրերի հետ՝ հատկանշական է, որ վնասազերծված թափառող կենդանիների թաղումը կատարվում է Երևանի քաղաքապետի՝ 08.09.2008 թվականի թիվ 4014-Ա որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի տարածքում առանձնացված 5.000 քմ մակերեսով հողամասում (կենդանիների գերեզմանոց)»:

Մասնավորապես, մեր հարցերը հետևյալն էին.«1. Քաղաքապետարանն ունի՞ տվյալներ, թե քանի ընտանի կենդանի կա քաղաքում, ի՞նչ կենդանիներ են դրանք: 2. Ինչու՞ է 2011 թվականին ընդունված որոշումը սկսել կիրառվել միայն մի քանի ամիս առաջ: 3. Արդյո՞ք Երևանում կան հատուկ այգիներ կամ կենդանիների մարմինները թաղելու հատուկ վայրեր»:

Ի դեպ, մեզ հոտ զրույցում «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության իրավաբան Հեղինե Խաչիկյանը հայտնել էր, որ կենդանիներին զբոսանքի հանելու և կամ նրանց դիերը թաղելու համար հատուկ վայրեր չկան, համենայն դեպս, չկան դրանց մասին վկայող ցուցանակներ և համապատասխան տեղեկություններ:

Իսկ ստացված պատասխանում վկայակոչված որոշումը էլեկտրոնային աղբյուրներում գտնել ուղղակի հնարավոր չէ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել