Հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ՀՀ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն այսօր՝ մարտի 7-ին, փոխըմբռման հուշագիր ստորագրեցին՝ համատեղ դասընթացներ իրականացնելու վերաբերյալ:
«Մենք շատ կարևոր հանգրվանի հասանք՝ կարգավորելով մեր հարաբերությունները: Մենք նույն դաշտում ենք աշխատում: Մենք փաստաբան գործընկերների հետ փորձի փոխանակման և ամենակարևորը՝ համատեղ դասընթացների իրականացման խնդիր ունենք: Ակադեմիայի փորձը ցույց տվեց, որ համատեղ դասընթացները բավականին արդյունավետ են»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը լինելով մտադրությունների մասին, նաև որոշակի հիմքերի վրա է դրված. «Մենք որոշեցինք հուշագիրը ստորագրել որոշակի գործընթաց իրականացնելուց հետո և ոչ թե առաջ: Այսօր ավարտեցինք մեր համատեղ դասընթացը, այս շաբաթվա ընթացքում երկու համատեղ դասընթացներ ենք իրականացրել»,- ասաց ակադեմիայի ռեկտորը:

Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը փոխանցեց, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին փաստաբաններ և դատավորներ. «Սա միանշանակ ողջունելի քայլ է, այն առումով, որ առաջին անգամ մեզ մոտ իրականացվեց համատեղ դասընթաց, որը իհարկե շատ արդյունավետ էր: Այն առաջին հերթին հնարավորություն տվեց փաստաբաններին ու դատավորներին նույն հարթակում շփումներ իրականացնել, սեմինարների ընթացքում շոշափվեցին շատ կարևոր հարցեր: Սեմինարների կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Ամերիկյան իրավաբանների ասոցիացիան»,- ասաց պարոն Բաբայանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանի խոսքերով՝ համտեղ շփման արդյունքում վեր են հանվում դատական պրակտիկայում և փաստաբանական ոլորտում առկա խնդիրները և ուղենշվում արդյունավետ լուծման մեթոդներ:

«Լիգլա Արտ» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ ստացված գիտելիքները կնպաստեն փաստաբանների աշխատանքի արդյունավետության իրականացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել