Սուտ մատնություն էր արել, թե եզդի տղամարդը փորձել էր բռնաբարել իրեն

Ազգությամբ եզդի 27-ամյա Ջամալին մեղադրանք է առաջադրված եղել 33-ամյա Արմինեի հանդեպ բռնաբարության փորձ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Ջամալն Արմինեի հետ ծանոթացել է երևանյան շուկաներից մեկում, որտեղ Արմինեն մրգավաճառ է աշխատելիս եղել, նրանից խնձոր է գնել, այնուհետև մտերմացել են, սկսել են հանդիպել:

Երկու երեխայի հայր Ջամալը 2013-ի հունվարի 12-ին այրիացած Արմինեին առաջարկել է երեկոն միասին անցկացնել, գնացել են Աշտարակ քաղաք և հյուրանոցային համարում փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել: Իսկ հետո կինը ցանկացել է վերդառնալ Երևան, Ջամալը դեմ է եղել: Վեճ է սկսվել ու տղամարդը դատարկ ապակե շիշը խփել է պատին ու ջարդել: Արմինեն վախեցած դուրս է վազել, պահակից օգնություն խնդրել: Րոպեներ անց ոստիկաններն են եկել: Ջամալը փախել է, Արմինեն հայտնվել ոստիկանության բաժանմունքում, որտեղ էլ ցուցմունք է տվել, թե Ջամալը փորձել է բռնաբարել իրեն:

Ջամալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում, կնոջ կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: Գործի քննության ժամանակ, Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում սակայն Արմինեն հերքել է նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը, հայտնելով, որ իրականում իր հանդեպ բռնություն չի եղել և սեռական հարաբերություն ունեցել են փոխադարձ համաձայնությամբ: Դատարանը,  դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, կայացրել է արդարացման դատավճիռ:

Այնուհետև քրեական գործ է հարուցվել սուտ մատնության հատկանիշներով` և գործով մեղադրյալ ներգրավվել Արմինեն: Այս տարվա փետրվարի 17-ին սակայն Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, իր որոշմամբ գործը կարճել է, դադարեցրել Արմինեի հանդեպ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Հ.Գ. Անունները փոխված են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել