«Ծխելուց մի նկարի. օրինական չի». ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստից առաջ, դիմելով Իրավաբան.net-ի լուսանկարչին, ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը (տես՝ լուսանկարում):
Մեր լուսանկարիչը նրան նկարահանեց, ինչպես որ նկարահանել ենք մի շարք նախարարների և բարձրաստիճան պաշոտնյաների՝ նիստից առաջ ծխելուց: Նույն խնդրանքով մեր լուսանկարչին դիմել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մինչ այդ մոխիրը դատարկելով կառավարության ընդունարանում դրված մոխրամանում: Սա կառավարության փետրվարի 26-ի նիստին էր (տես լուսանկարներում):
Արդեն մարտի 5-ի նիստին կտեսնեք դատարկ մոխրաման:
Այս երկու նախարարներից բացի կառավարության շատ այլ անդամներ կան, որ ծխում են նիստից առաջ (լուսանկարները ստորևէ ներկայացվող ֆոտոշարքում), բայց արդյոք օրենքը թույլատրո՞ւմ է նրանց ծխել կառավարությունում: Կառավարության ընդունարանում ծխելու մասին ոչ մի ցուցանակ չկա, սա մեկ պատճառ, ըստ որի՝ նախարարները չպետք է ծխեն շենքում:
Նշենք, որ օրենսդրությունը հստակ տարանջատում չի տալիս Կառավարության շենքում կարելի է ծխել, թե ոչ, սակայն օրենքը նմանաբնույթ շենքերի՝ օբյեկտների ղեկավարների առջև պահանջ է դնում, որ նախատեսվեն ծխելու համար վայրեր:
Համաձայն Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի՝
1. Ծխելն արգելվում է`
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցներ են ձեռնարկում բաց և (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու ուղղությամբ և ապահովում են դրա մասին հայտարարությունը։
Հիմնարկների ղեկավարները պարտավոր են այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ծխողները չխանգարեն մյուսներին: Այս պարտավորությունն ի կատար ածելու համար պետք է հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիներ ստեղծել:
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ինչպես արդեն նկատել ենք` այն վայրում, որտեղ որ մշտապես ծխում են նախարարները, այսինքն` ՀՀ կառավարության նիստերի դահլիճ տանող միջանցքում, ծխելը թույլատրող կամ արգելող ոչ մի նշան չկա, մինչդեռ օրենքը պահանջում է այդպիսի նշանի առկայություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը վկայում է, որ հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների և (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հեղինակ` Գևորգ Թոսունյան
Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Զաքար Իսկանդարյանի