Որպես կանոն նման դեպքերը պատվիրված սպանությունների շարքին են դասվում: Իրավաբան.net -ի թղթակցի հետ զրույցում, վերլուծելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երեկվա հրաձգությունների դեպքը, կարծիք հայտնեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
«Զենքը թողնելով ցույց է տրվում, որ մենք գործն արեցինք ու գնացինք: Նաև պատվիրատուն է տեսնում, որ այդ զենքով է կրակվել, որ այդ զենքը գործածվել է: Դա կարող է խոսել պատվիրված սպանություն իրագործելու մասին: Եթե տեղեկատվությունը ճիշտ է, ու սպանվածը երրորդմասցի Լյովիկն է, ապա ենթադրվում է, որ կարող է լինել նաև հենց պատվիրված, որովհետև նման մարդկանց վերացնելու ցանկություն ունենում են հատկապես այլ կլանի կամ գաղափարների մարդիկ»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նրա հետ խոսեցինք նաև այն հանգամանքի շուրջ, որ ժամը 14:00-ի կողմերը տեսախցիկներով շրջապատված քրեակատարողականի հիմնարկի շուրջ տեղի է ունենում նման սպանություն: Քրեահոգեբանը կարծիք հայտնեց, որ սպանության դեպքերն այսօր մտահոգիչ կերպով ավելացել են. «Դրանք դարձել են «սովորականի նման մի բան»: Դրա պատճառաբանությունը պետք է գտնվել մի քանի տեղ, դրանից մեկը, որ ամենօրյա լրահոսում մենք լսում ենք, որ որևէ մեկը մյուսին սպանում է ու չի դատապարտվում, չի պատժվում»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա նաև ասաց, որ Հայաստանում առհասարակ հանցավորության ծնող գործոններ կան, հարկավոր է ուսումնասիրություններ իրականացնել. «Մենք ուզում ենք հետազոտություն նախաձեռնել: Այսինքն՝ պետք է մասնագիտական մի հետազոտություն, որ հասկանանք, թե որ տարիքի մարդկանց մոտ է լինում հանցավորությունն ավելի շատ, ինչ տեսակի հանցագործություններ և ինչու հենց այդ մարդկանց մոտ»,- շեշտեց ՀԿ նախագահը՝ հավելելով, որ այսօր այն ինչ կատարվում է Հայաստանում ոչ մի կերպ չի համընկնում տեսության թվեարկածի հետ. «Ոչ հանցագործության միանման տեսակ, ոչ միանման զենքի գործադրում, ոչ միանման տեղ, այսինքն՝ դասագրքային ոչ մի բան չի համընկնում: Այսինքն՝ զոհերն են միանման՝ ոչ մեկ չի կոտորել հանցագործներին կամ օլիգարխներին, որ հասարակական ընդվզում համարեինք, ոչ մեկ չի սկսել միայն անչափահասների ներգրավվել, որ ասենք՝ զարգացել են հանցագործների մեթոդները»:
Եզրահանգելով, Արշակ Գասպարյանը շեշտեց, որ ներկայումս Հայաստանում շարունակում է հրատապ մնալ հանցավորության աճը. «Այս ամենը պետք է վերլուծել և հասկանալ: Ես տեսնում եմ, որ անպատժելիություն է հրամցվում հասարակությանը, որն էլ ազդում է բոլորիս վրա. փաստորեն Հայաստանում կարելի է՝ ուղղակի մարդու կրակել ճանապարհին: Այսինքն՝ ամեն ինչ թույլատրելի է: Ստացվում է, որ անպատժելիության մթնոլորտը ծնում է հանցավորության աճ»,- շեշտեց մասնագետը:
Ինչ վերաբերում է կանխարգելման գործողություններին, ապա ՀԿ նախագահը քննադատեց ՀՀ ոստիկանությանը՝ նշելով. «Ոստիկանությունում հանցավոր հեղինակությունների նկատմամբ տարբեր ստորաբաժանումներ կան, ովքեր հատուկ նրանց են հսկում, այսինքն՝ կարելի էր վստահաբար ենթադրել, որ օրինակ՝ ինչ-որ իրողություններ էին տեղի ունեցել նույն Երրորդմասցի Լյովիկի հետ և այլն, և այլն, ու կարելի էր ենթադրել, որ ինչ-որ չարություն կարող էր մնալ և կանխարգելել դա: Խոսքը գնում է նրա մասին, որ մենք և դուք՝ ԶԼՄ-ներդ, բացահայտում ենք արդեն իսկ բացահայտված հանցագործությունը: Ոստիկանությունը եղավ դեպքի վայրում, երբ որ արդեն հանցագործությունը բացահայտված էր՝ կատարվեց սպանություն: Ո՛չ, մեզ պետք է ոստիկանություն, որը ցույց տա, որ կանխարգելեց մի սպանության դեպք: Ի վերջո, մահցածը մարդ է ու ընդհանրապես էական չի, թե կոնկրետ ով է նա»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 4-ին՝ ժամը 13:59-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցները հայտնաբերել են մեկ դիակ, երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակված կարոցներից սպանված անձանիցից մեկը քրեական հեղինակություն 43-ամյա Լևոն Ղազարյանն է (հայտնի որպես Երրորդմասցի Լյովիկ), մյուսը` 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն է (Դերո), երրորդը` 30-ամյա Մեսրոպ Նազարյանցն է: