Պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը կկազմի մոտ 1 միլիոն դրամ. օրենսդրական նոր նախաձեռնություն

ՀՀ նախագահի  կենսաթոշակը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել կառավարությունը: Այս տարվա փետրվարին Ազգային ժողովին ներկայացվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Նախագծում սահմանվում է հետևյալը. «Պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է»:

Նշվում է նաև, որ հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը:

Օրենսդրական այս նախաձեռնության անհրաժեշտությունը հիմնավորվում է այսպես. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով որոշ կատեգորիաների պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված է կենսաթոշակի հաշվարկման կարգ` ելնելով նրանց համար սահմանված աշխատավարձի չափից: Արդյունքում` այդ անձանց կենսաթոշակի չափն էականորեն բարձր է ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափից:

Բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ այս նախագիծն ընդունումը կհանգեցնի պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որը միայն 2015 թվականի համար տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 18 միլիոն դրամ (օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով հաշվարկելու դեպքում, ներառյալ եկամտային հարկը): Սակայն անհասկանելի է, թե ինչու է հաշվարկը կատարվել 80 տոկոսի չափով, եթե նախագիծը սահմանում է 70 տոկոսը:

Նշենք, որ մինչև 2014 թվականը ՀՀ նախագահի աշխատավարձը եղել է 436460 դրամ, իսկ ներկայումս 1 320 000 դրամ է, հետևաբար` դրա 70 տոկոսը կազմում է 924 հազար դրամ, իսկ 80 տոկոսի դեպքում` 1 056 000 դրամ է կազմում: Իսկ մեկ տարվա կտրվածքով նույնիսկ 80 տոկոսով հաշվարկի դեպքում ընդհանուր գումարը կազմում է մոտ 13 միլիոն դրամ, այսինքն` անհասկանալի է նաև, թե ինչպես է լրացուցիչ հատկացման թիվը կազմել 18 միլիոն դրամ:

Պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը բարձրացնելու այս նախագծի վերաբերյալ հակակոռուպցիոն գործերով փորձագետ, իրավաբան Խաչատուր Հարությունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ կողմ է աշխատավարձերի ու կեսնաթոշակների բարձրացմանը. «Այստեղ, իհարկե, բարոյական դիլեմայի հարց կա, երբ հասարակության 25-30 տոկոսը գտնվում է  աղքատության մեջ, իսկ նախկին նախագահների կենսաթոշակները բարձրացվում են: Սակայն պաշտոնաթող նախագահն էլ, այո, պետք է ունենա բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմաններ»:

Այս նախագծով, ի դեպ, առաջարկվում է պաշտոնաթող նախագահին կահավորված գրասենյակով ապահովել ցմահ: Գործող օրենքով` կառավարությունը պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև վերջինիս ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:

Փետրվարի 5-ի կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, թե վերջին փոփոխությունների առիթը ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70 տարին լրանալն է եղել (2015 թ-ի հունվարի 9-ին):

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել