ՃՈ-ի դեմ դատական ակտերը չեն ավելացել. Արման Չիլինգարյան

Ավտոճանապարհային երթևեկության կանոնների խախտումները արձանագրող տեսասարքերի և արագաչափերի տեղադրումից հետո զգալիորեն մեծացել են Ճանապարհային ոստիկանության դեմ վարչական դատարանում ներկայացված հայցերը և կայացված դատական ակտերը:

Այս հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը նշեց, որ քանակական առումով, իսկապես այդպես է, սակայն երբ համեմատում ենք, թե մինչ այդ սարքերի տեղադրումը որքան խախտում էր հայտնաբերվում, և այժմ, ապա հարաբերակության մեջ նկատվում է, որ ՃՈ-ի դեմ հայցերն ու դատական ակտերի թիվը չի ավելացել:

«Ինչ վերաբերում է ի վնաս մեզ կայացված ակտերին, ապա նշեմ, որ շատ են հետևյալ դեպքերը. քաղաքացին տուգանքը վճարում է, սակայն տեխնիկական ինչ-որ սխալի պատճառով վճարման անդորագիրը մեզ չի հասնում, մենք դիմում ենք դատարան` գումարը բռնագանձելու պահանջով, քաղաքացին դատարանում ներկայացնում է վճարման անդորագիրը, և կայացվում է ՃՈ-ի դեմ դատական ակտ: Սակայն իրականում դատական ակտը որևէ մեկի դեմ չէ, քանի որ ՃՈ-ն իր պարտականությունն է կատարել, քաղաքացին էլ իրենը»,- ասաց Արման Չիլինգարյանը:

Նա նշեց նաև, որ քաղաքացիների մեծ մասը, եթե համաձայն չի լինում արձանագրված խախտման հետ, ապա բողոքարկում է ՃՈ` վերադասության կարգով, ավելի քիչ դեպքերում բողոքարկում է դատարանով: Սակայն խախտումն արձանագրած ակտերի բողոքարկման վերաբերյալ դատական գործերը անհամեմատ ավելի քիչ են: Ամենաշատ դատական գործերը վերաբերում են չվճարված տուգանքները բռնագանձելուն:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել