Վթարի հետևանքով խցանումներից և երթևեկության խափանումներից խուսափելու համար Ճանապարհային ոստիկանությունը լիազորություն ունի վթարի ենթարկված ավտոմեքենաները հեռացնել ճանապարհից մինչև ապահովագրական գործակալի դեպքի վայր ժամանալը, սակայն դա արվում է միայն բացառիկ դեպքերում:
Իրավաբան.net–իհետ զրույցում Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը նշեց, որ եթե այս լիզորությունը ՃՈ տեսուչները իմպերատիվ կերպով կատարեն, ապա կոտնահարվի քաղաքացու փոխահատուցում ստանալու իրավունքը. «Ցանկացած լիազորություն իրականացնելիս և գործողություն կատարելիս պետք է հաշվի առնել նաև քաղաքացու իրավունքների պաշտպանության գործոնը»:
Ա. Չիլինգարյանը պարզաբանեց, որ խիստ բացառիկ դեպքերում, երբ վթարված մեքենաները ճանապարհից դուրս չբերելը կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել, նախնական փաստաթղթային ձևակերպումներ են կատարվում, այնուհետև մեքենաները դուրս են բերվում ճանապարհից: Նախապես հավաքված տվյալները հատկացվում են ապահովագրական կազմակերպությանը, իսկ եթե դրանք բավարար չեն լինում փոխահատուցման և այլ հարցերը որոշելու համար, ապա պահանջում են նոր վարույթ սկսել և այլ տվյալներ հավաքագրել:
Իսկ ներկայումս էլ աշխատանքներ են կատարվում նոր համակարգ ներդնելու համար, որը հնարավորություն կտա սովորական դեպքերում էլ մինչև ապահովագրական գործակալի ներկայանալը վթարված մեքենաները ճանապարհից հեռացնելու համար, և այս դեպքում չեն ոտնահարվի քաղաքացիների փոխահատուցում ստանալու իրավունքը:
«Կենտրոնական բանկի և Հայաստանի ապահովագրողների բյուրոյի իրավաբանական անձանց միության և ոստիկանության քննարկումների արդյունքում եկանք այն որոշմանը, որ պետք է ներդրվի ծրագրային համակարգ, որը հնավարություն կտա վթարի վայրից արագ կերպով պատահարին վերաբերող բոլոր տեղեկությունները, այդ թվում լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել ցանցում և պատասխան ստանալուց հետո, որ դրանք համապատասխանում են ձևաչափին, մեքենաները հեռացնել դեպքից վայրից»,- ասաց Ա. Չիլինգարյանը:
Նա նշեց նաև, որ համակարգը, հավանաբար, կսկսի գործարկվել այս տարվա ավարտին կամ մյուս տարվա ընթացքում: