ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 18-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` քննարկելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Լսումներին մասնակցել են պատգամավորներ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ նախագիծը քննարկվել եւ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Եղել են բազմաթիվ հարցադրումներ եւ առաջարկներ պատգամավորների կողմից, մասնավորապես՝ առաջարկվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ նախագիծը քննարկել նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքը չի կարգավորում մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավակարգավորումները եւ մեխանիզմները, ինչն էլ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների իրավունքների իրացման եւ պաշտպանության հարցում:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը սահմանում է անձնական տվյալների եւ դրանց մշակողների մասին հիմնական հասկացությունները, ինչպես նաեւ՝ կարգավորում է իրավունքի պաշտպանության եղանակներն ու պահանջները:
Նախագծով նախատեսվում է նաեւ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծում, որը պետք է ապահովի անձնական տվյալների մշակման համակարգը: Լիազոր մարմինն, ըստ նախագծի, ունի պարտավորություն` ներկայացնելու անձնական տվյալների մշակման լավագույն փորձը:
Արսեն Մկրտչյանը վստահեցրել է, որ լիազոր մարմինը պետք է ոչ միայն հետեւողական աշխատանք կատարի, այլ նաեւ խրախուսի եւ զարգացնի անձնական տվյալների պաշտպանության փորձը:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորներին մտահոգող բազմաթիվ հարցեր ստացել են իրենց լուծումը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համատեղ քննարկումները՝ փոխադարձ ընդունելի նախագիծ ունենալու համար:
Քննարկումն ամփոփվել է հարցուպատասխանով, ՏՏ ոլորտի մասնագետները ներկայացրել են մի շարք առաջարկներ:
Լուսանկարը՝ parliament.am-ի: