«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փետրվարի 12-ի իր համարում մի պատմություն է ներկայացրել առ այն, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկել ավտովթարի ենթարկված երկու երիտասարդների ու նույնքան աղջիկների։
Լրագրողին հարցազրույց է տվել հիշյալ աղջիկներից մեկը՝ հիշյալ երիտասարդներից մեկի կին Քրիստինե Մ.-ն։ Նրա պատմածում ինչ ասես կա՝ ոստիկանների լկտիությունից մինչև բերման ենթարկվածների նվաստացում, ոստիկանների պահանջից, որ ոչ մի տեղ չբողոքեն, մինչև սեփական որոշում՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից` հավելելով` առաջին հայացքից՝ կալանավորվածի կին է, փորձում է պաշտպանել ամուսնուն, բայց իրականում կատարվել է հետևյալը…
Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաներում, էրեբունի փողոցի 18 հասցեի դիմաց տեղի է ունեցել ավտովթար։ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են վթարված մեքենաներին։ Նկատելով, որ ուղևորուհիներից մեկը վնասվածք է ստացել, ռադիոկապով շտապօգնության կանչ են ավել։ Հետո սկվել է տարօրինակը. ավտոմեքենայի ուղևորներ Կամո Հայրապետյանն ու Սիրակ Սաքանյանը, որոնք ոգելից խմիչքի ազդեցության տակ էին, սկսել են հայհոյանքներ տալ ոստիկաններին։ Ոստիկանները պահանջել են չխախտել հասարակական կարգը, ապա, քանի որ չեն ենթարկվել, վերջիններիս նստեցրել են պարեկային մեքենան։
Սրանից հետո գործողության մեջ են մտել ուղևորուհիները։ Քրիստինե Մ.-ն, գետնից ապակու կտոր վերցնելով, սպառնացել է, թե կվնասի իրեն, հետո ապակին պահել է ոստիկանի վրա։ Իրավապահները ստիպված նրան էլ են նստեցրել պարեկային մեքենա։
Մյուս ուղևորուհին՝ Քրիստինե Ն.-ն, գնացել է դեպի էրեբունու նախկին շուկայի տեղում գտնվող փոսը ու հայհոյանքներ տալով սպառնացել, թե իրեն կնետի փոսը, եթե ընկերներին բաց չթողնեն։
Այդ ընթացքում Հայրապետյանն ու Սաքանյանը հարվածել են ոստիկաններին։ Ոստիկանական վերակարգը ստիպված է եղել քառյակին բերման ենթարկել բաժին, որտեղ նրանք շարունակել են ինքնադրսևորվել նույն ոճով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Կամո Հայրապետյանին և Սիրակ Սաքանյանին քրեական օրենսգրքի 316-րղ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Խափանման միջոցը՝ կալանավորում։
Պարզվել է նաև, որ Քրիստինե Մ.–ն 2014 թ. դեկտեմբերի 16-ից քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով գտնվում էր հետախուզման մեջ։
Սա է իրողությունը, և ակնհայտ է, որ «քաղաքացիներին ապօրինաբար բերման ենթարկելու» մասին /ինչպես հրապարակման վերնագրում է/, խոսք անգամ լինել չի կարող, իսկ ինչ վերաբերում է նույն քաղաքացիներին, իբր, նվաստացնելուն, ապա ոստիկանության բաժնում իրականում կատարվածի տեսագրությունը ներկայացնենք առանց մեկնաբանության։ Նշվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ: