Հավանության արժանացան բիզնեսի և քաղաքացիների հարաբերությունները պետության հետ պարզեցնող օրենսդրական կարգավորումներ

Այսօր կառավարության հավանությանն արժանացան ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք պարզեցնում են բիզնեսի և քաղաքացիների հարաբերությունները պետության հետ: Մասնավորապես, առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացը փոխարինել Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախնական ծանուցման գործընթացով: Առաջարկվում է նաև հանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը:

Մեկ այլ առաջարկով հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար այլևս պարտադիր չի լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը: Բիզենսի բեռը թեթևացնելուն է ուղղված նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկը՝ պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ապրանքատեսակի գնապիտակի ստորագրման պահանջը հանելու վերաբերյալ: «Սա նույնպես աննպատակահարմար ենք համարում, քանի որ այն ժամանակի ավելորդ կորուստ կարող է առաջացնել տնտեսավարողի համար», – ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Մեկ այլ առաջարկով առաքվող ապրանքին ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացը հանելու «ժամի» փոխարեն կներկայացվի «օրը» նշելու պահանջը, ինչպես նաև դուրս կգա վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը նշելու պահանջը: «Խնդրում եմ՝ շարունակել այս մոտեցումը՝ հնարավորինս պարզեցնել բիզնեսի կյանքը և կրճատել, նվազեցնել բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը», – ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել